ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը հայտ է ներկայացրել COP29-ը հյուրընկալելու համար

Հայաստանը հայտ է ներկայացրել COP29-ը հյուրընկալելու համար

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամիին։
Հանդիպման օրակարգում էին կլիմայական հարցեր, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովը (COP28), որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի ԱՄԷ-ում։

Ողջունելով հյուրերին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը նախ շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրություններին՝ որպես COP28 համաժողովի հյուրընկալող և նախագահող երկիր ընտրվելու առթիվ և արդյունավետ գնահատել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև համագործակցությունը։

«Հայաստանը խորապես հավատարիմ է հետագա ինտեգրմանը կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ գործընթացներին՝ ոչ միայն հռչակելով կլիմայական հավակնոտ օրակարգ, այլ նաև առաջարկելով կոնկրետ լուծումներ և ներգրավվելով բանակցություններում՝ ավարտին հասցնելու մեխանիզմներն ու պայմանավորվածությունները, որոնք անհրաժեշտ են Փարիզյան Համաձայնագրի նպատակներին հասնելու համար»,-նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում տիկին Ահլամ ԱլՍալամին ներկայացրել է COP28 համաժողովի նախապատրաստական աշխատանքները, նախնական օրակարգը և այն ուղղությունները, որոնց շուրջ երկրները քննարկումներ են ծավալելու։
Տիկին ԱլՍալամին պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն ներգրավվել Հայաստանի կողմից համաժողովին ներկայացվելիք օրակարգի ձևավորման աշխատանքներում, և խնդրել է հայ գործընկերներին հանդես գալ առաջարկություններով և դիտարկումներով, որոնք կօգնեն առավել համակարգված ու արդյունավետ դարձնել երկրի մասնակցությունը խոշորագույն կլիմայական համաժողովին։

Նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը հայտ է ներկայացրել Կողմերի 29-րդ նստաշրջանը (COP29) հյուրընկալելու համար և ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ներդնել առավելագույն ջանքեր համաժողովը հյուրընկալելու և պատշաճ անցկացնելու համար։ Կողմերը քննարկել են COP28-ին առընչվող հարցերի լայն շրջանակ։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն համաժողովին ընդառաջ պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ՝ համագործակցության և երկխոսության ճանապարհով Հայաստանի պատշաճ մասնակցության ցանկալի արդյունքների հասնելու համար:

  • Կիսվել: