հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման գործընթացում նոր կարգ կներդրվի

Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման գործընթացում նոր կարգ կներդրվի

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգի փոփոխության նախագծում նոր կարգ կներդրվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Շուրջ երկու տարի չի իրականացվել ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, ինչը պայմանավորված է եղել կրթության ազգային ինստիտուտի լուծարմամբ: 2021 թվականի հունվարից սկսել է գործել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը, որն ըստ էության պետք է լինի կրթության ոլորտի կարևորագույն կառույցը և պետք է համակարգի այդ գործընթացը: Մենք վերանայել ենք վերապատրաստման ծրագիրը: Այժմ վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպությունների կարգերը գտնվում են վերջին փուլում: Մենք նախատեսում ենք, որ այսպիսին պետք է լինի իրավիճակը՝ տարբեր կազմակերպություններ, որոնք գործում են դաշտում և վերապատրաստումներ են իրականացնում՝ կարողանան մասնակցել նախարարության կողմից հայտարարվող այս բաց հրավերին և ներկայացնեն իրենց առաջարկներն ու ծրագրերը»,- նշեց Անդրեասյանը:

 

Նրա խոսքով՝ նախարարությունը պետք է դիտարկի այդ առաջարկներն ու ծրագրերը, և կերաշխավորի այն կազմակերպություններին, որոնք կհամապատասխանեն նախարարի կողմից հաստատված վերապատրաստման ծրագրին: «Մենք ունենք վերապատրաստման չափորոշիչ, որով սահմանվում են բաղադրիչները, հետագա արդյունքները, ժամաքանակները, կրեդիտները և այլն:  Այսուհետև դպրոցներն ազատ կլինեն ընտրել այն կազմակերպությունը, որտեղ կցանկանան իրականացնել իրենց ուսուցիչների վերապատրաստումը: Մենք պլանավորել ենք, որ արդեն իսկ այս տարվա գարնանից՝ ապրիլից, կկարողանանք բաց հրավեր հայտարարել, ինչից հետո կսկսի վերապատրաստումների գործընթացը»,- նշեց փոխնախարարը:

Անդրեասյանը շեշտեց, որ Հանրակրթության մասին օրենքով կա պահանջ, որ յուրաքանչյուր տարի պետք է վերապատրաստում անցնի ուսուցիչների առնվազն 1/5-րդը և, քանի որ շուրջ 2 տարի չի իրականացվել այդ պրոցեսը, տարեկան 7 հազար ուսուցիչ չի վերապատրաստվել, հետևաբար 2 տարում 14 հազար ուսուցիչ: «Ընդհանուր առմամբ, 21 հազար ուսուցիչ պետք է վերապատրաստվի, և մենք պլանավորում ենք դա իրականացնել 2 տարում: Այս տարի պատրաստվում ենք սկսել այդ գործընթացն այն հաշվարկով, որպեսզի կարողանանք նախորդ տարիներին չվերապատրաստված ուսուցիչներին ներառել այս ծրագրերում և իրականացնել այդ ծավալը»,- ընդգծեց Անդրեասյանը:

Ուսուցիչները հնարավորություն կունենան նաև նոր կարգի համաձայն ոչ միայն առանձին կազմակերպություն ընտրել, այլև դասընթաց: Բոլոր դասընթացները, որոնք նույնպես պետք է երաշխավորվեն, և որոնք ուսուցիչները կարող են նույնիսկ անցած լինել նախորդ տարում, այդ պարագայում ավտոմատ կհավաքագրվեն ուսուցչի կրեդիտները: Այսինքն, այդ կրեդիտները հավաքելու պարագայում, ատեստավորումն արդեն կդառնա ավելի հեշտ գործընթաց, որովհետև ներկայում իրականացվում է դրա թվայնացման գործընթացը: Այդպիսով վերապատրաստումը հնարավոր կլինի իրականացնել կրթության կառավարման տեղեկատվական  համակարգի միջոցով և կրճատել հնարավոր թղթաբանությունը և վարչարարությունը:

  • Կիսվել: