ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Հայաստանում համակարգված աշխատանք է տարվում թվայնացման ուղղությամբ. Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանում համակարգված աշխատանք է տարվում թվայնացման ուղղությամբ. Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանում համակարգված աշխատանք է տարվում թվայնացման ուղղությամբ՝ կատարելագործվում է էլեկտրոնային կառավարման համակարգը, բարձրացվում է քաղաքացիների թվային գրագիտությունը, զարգանում են կիբեռանվտանգության ժամանակակից մեխանիզմները: Այս մասին այսօր Եվրասիական տնտեսական համաժողովում տեսակապով ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Հայաստանն այսօր առաջարկում է բարդ տեխնոլոգիական լուծումներ և ծառայություններ։ Հայաստանում արդեն կա փորձը, ինչի շնորհիվ պետական մարմինները ոչ թե կրնկնօրինակում, այլ հասանելություն են ստանում պաշտպանված սկզբնաղբյուրին։ Դա թույլ է տվել մեզ ստեղծել թվային ծառայություններ, որոնք դարձնում են ծառայությունների մատուցումը միասնական, թափանցիկ ու հարմար օգտատերի համար»:

Ըստ ՀՀ վարչապետի՝ մեր երկրում հետազոտական կենտրոն բացելու NVIDIA ընկերության ծրագրերը հաստատում են, որ հավակնություններ և տեխնոլոգիական հասունություն ունեցող նույնիսկ փոքր պետությունները կարող են զգալի դեր խաղալ գլոբալ տեխնոլոգիական էկոհամակարգում:

Փաշինյանը նաև նշեց, որ պետական մակարդակով Հայաստանն արդեն ներդրումներ է անում մեքենայական ուսուցման մասնագետների պատրաստման համար և ստեղծում է լոկալ տիրույթներ` արհեստականան բանականության հիմքով որոշումները թեստավորելու համար։

Նա վստահեցրեց, որ ԵԱՏՄ այլ երկրների հետ ընդհանուր սահմաններ չունեցող Հայաստանի համար մաքսային, լոգիստիկ և սահմանային ենթակառուցվածքների արդիականացումն առանձնակի նշանակություն ունի, ուստի Հայաստանը բաց է անդրսահմանային անձնագրերի և փորձարարական նախագծերի մշակման համար, որոնք թույլ կտան ոչ միայն ներդնել առկա տեխնոլոգիաները, այլև մշակել սեփական հետաքրքիր և արդյունավետ լուծումները։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական համաժողովին զուգահեռ Մինսկում տեղի կունենա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը (եվրասիական հնգյակի երկրների առաջնորդների մակարդակով):

  • Կիսվել: