ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի նիստում քննարկվել են առաջիկա անելիքները

Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի նիստում քննարկվել են առաջիկա անելիքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ-ից։

Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման, այդ թվում առաջնահերթաբար կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի դերակատարների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու  նպատակով: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով աշխատանքային խմբի ղեկավարն է: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին ու  աշխատանքային խմբի անդամներին, շնորհակալություն հայտնել նրանց համագործակցության համար։ Ա. Մարտիրոսյանը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով ֆրանկոֆոնիայի հիմնական առաքելությանը, մշտապես ջանքեր է գործադրում ժողովրդավարության և մարդու հավասար իրավունքների պաշտպանության, ֆրանսերենի ուսուցման խորացման ուղղությամբ: Նա ձևավորված աշխատանքային խումբը որակել է որպես ֆրանկոֆոն կառույցների միջև երկխոսության և ջանքերի համադրման արդյունավետ հարթակ` վստահություն հայտնելով, որ այս նոր ձևաչափը կնպաստի նաև հայ-ֆրանսիական կրթամշակութային հագեցած օրակարգի աշխատանքների իրականացմանը:

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Նա ներկայացրել է ֆրանկոֆոնիայի միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները, այն է՝ տարբեր ձևաչափերով ֆրանսերենի ուսուցման խորացումը Հայաստանի բուհերում և դպրոցներում, ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների պարբերական վերապատրաստումները (նաև մասնագիտական առարկաների համար), համամարդկային արժեքների՝ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումների կազմակերպումը:

Աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց հաստատության գործունեությունը՝ ուղղված ֆրանսերենի զարգացմանը Հայաստանում և հանդես են եկել առաջարկներով, որոնք վերաբերել են դպրոցներում և բուհերում ֆրանսերենի գրավչության բարձրացմանը՝ ճամբարների ու միջոցառումների կազմակերպմամբ, իրազեկվածության բարձրացմամբ, ֆրանկոֆոնիայի մեկամսյակի կազմակերպման մեջ համատեղ ջանքերի գործադրմանը և այլն։

Քննարկմանը ներկա ԿԳՄՍ հանրակրթության վարչության ներկայացուցիչ Արմինե Օհանյանը պարզաբանել է ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում oտար լեզվի ընտրության կարգը:

Հնչած առաջարկները վերաբերել են նաև բուհերում լեզվի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, միջբուհական կապերի հաստատմանը, վերապատրաստման ծրագրերի աշխարհագրության ընդլայնմանը և այլն:

Աշխատանքային խմբում ընդգրկված են ֆրանսերենի ուսուցում իրականացնող բուհերի, այդ թվում և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական քոլեջի, «Ալիանս Ֆրանսեզ» հասարակական կազմակերպության, հանրակրթական դպրոցների, Ֆրանսիայի և ֆրանս-հայկական կազմակերպությունների հետ գործընկերություններ ունեցող նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ինչպես նաև ոլորտում ակտիվ մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

  • Կիսվել: