Հայաստանում Չինաստանի աջակցությամբ սեյսմիկ կայանների ցանց է բացվել
Հայաստանում բացվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Չինաստանի կառավարության աջակցությամբ ձեռք բերված սեյսմիկ կայանների ցանցը:
ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ցանցի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է՝ պատահական չէ, որ ցանցի հայ-չինական կենտրոնը տեղակայվելու է Գյումրիի՝ 1988 թվականի երկրաշարժից ավերված քաղաքի Ինժեներային սեյսմոլոգիայի երկրաֆիզիկայի ինստիտուտում: Նա աջակցության համար շնորհակալություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը և դեսպանատանը, ինչպես նաև Չինաստանի երկրաֆիզիկայի ինստիտուտին:
Ժամանակակից սարքավորումներով հագեցած սեյսմիկ կայանները կտեղակայվեն Հայաստանի 5 մարզերում և թույլ կտան բարձր ճշգրտությամբ արձանագրել երկրաշարժերը: Մասնավորապես, երեկ, երբ կայանները գործարկվել են փորձնական ռեժիմով, դրանք գրանցել են Ճապոնիայում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները ավելի քան տասը հազար կիլոմետր հեռավորությունից: Իր հերթին ՉԺՀ երկրաշարժերի դիտարկման վարչության ղեկավար Կուն Վանը տեղեկացրել է, որ իրեն և Սաղյանին ընդունել է ՀՀ նախագահը, որին ներկայացրել են նոր ցանցի հնարավորությունները:
Կուն Վանը հիշեցրել է, որ 2019 թվականին Հայաստանն ու Չինաստանը դաշինք են ստեղծել երկրաբանության և երկրաշարժերի հետազոտման հարցերի ուսումնասիրման համար: Դրան շատ կօգնի նաև նոր կենտրոնը, որը կարող է գրանցել նույնիսկ ամենափոքր ցնցումները։ Նա նշել է, որ ՉԺՀ-ում ուրախությամբ պատրաստ են կիսվել սեյսմոլոգիայի ոլորտում իրենց իրավասություններով՝ հասկանալով, որ Հայաստանը, ինչպես և Չինաստանը, երկրաշարժերի վտանգի գոտում գտնվող երկիր է: