ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաշմանդամություն ունեցող անապահով անձինք 2024թ-ից անձնական օգնական կարող են ունենալ

Հաշմանդամություն ունեցող անապահով անձինք 2024թ-ից անձնական օգնական կարող են ունենալ

Հաշմանդամություն ունեցող առավել կարիքավոր անձինք կկարողանան օգտվել անձնական օգնականի ծառայություններից։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, ասաց, որ անձնական օգնական կարող են ստանալ հենաշարժողական, տեսողական ու հոգեկան-մտավոր խնդիրներ ունեցող, ֆուկցիոնալության խոր սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանեկան նպաստի համակարգում։
 
«Այս պահին սահմանված է 10-ից բարձր անապահովության միավորը։ Սա կարող է վերանայվել, հատկապես անապահովության համակարգի վերանայման դեպքում»,- նշեց փոխնախարարը։
Նախարարության հաշվարկով` այս պահին նման հնարավոր շահառուների թիվը 2450 է։ Իսկ անձնական օգնական կարող է դառնալ ցանկացած չափահաս անձ, որը կանցնի համապատասխան որակավորում ու կհավաստագրվի։
 
«Անձնական օգնական կարող է լինել նաև ընտանիքի անդամը։ Սա շատ կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ հաշմանդամություն ունեցող անձն ունի 10 ժամից ավելի ծառայություն ստանալու կարիք»,- ասաց նա։
Անձնական օգնականի պարտականությունների մեջ է մտնում ոչ միայն անձի խնամքը, ուղեկցումը, այլև բնակության վայրի մաքրությունը, սննդի ու դեղորայքի գնումները։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ-ի հունվարի 1-ից, բայց 2023թ-ին կիրականացվի փորձնական ծրագիր, որի արդյունքներով շտկումներ կիրականացվեն ընդունված կարգի մեջ։
 
Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՅՈւՆԻՍԵՖ-ի «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը։
 
Նախնական հաշվարկով` անձնական օգնականի ծառայության մատուցման համար կպահանջվի 5 186 160 000 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։

  • Կիսվել: