ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Համավարակի պատճառով մանկապարտեզներում ընդունելություն դեռ չկա. քաղաքապետարանը քննարկում է հարցը

Համավարակի պատճառով մանկապարտեզներում ընդունելություն դեռ չկա. քաղաքապետարանը քննարկում է հարցը

Քաղաքացիները ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի շենքի առջև: Պահանջը՝ վերանայել նախադպրոցական կրթական հաստատություններում ընդունելության կազմակերպումը: Ծնողները նշում են, որ երեխաներին հերթագրելուց հետո սպասում են շատ երկար, սակայն կոնորավիրուսի սահմանափակումների մեղմացումից հետո էլ մանկապարտեզներից ընդունելության համար չեն կանչում: 

Ծնողներից մեկի խոսքով՝ մանկապարտեզի տնօրենն ասել է, որ ընդունելությունն անորոշ ժամկետով հետաձգվում է՝ կլինի կա՛մ գարնանը, կա՛մ աշնանը: Նա նշեց, որ ստիպված հրաժարավել է աշխատանքից երեխային խնամելու համար: 

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա ասաց, որ քաղաքապետարանը տեղյակ է խնդրին և քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ խմբեր ավելացնելու համար: 

 

Նրա խոսքով՝ նախորդ տարվանից մինչև հիմա համավարակի պատճառով մանկապարտեզներում ընդունելություն չկա, և համավարակի դեմ պայքարից բխող միջոցառումների շրջանակում քաղաքապետարանը հետևում է Կառավարությունից եկող ցուցումներին: 

«Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները քննարկումներ են նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների հետ՝ հասկանալով լարվածությունը, հասկանալով, որ շատ աշխատող ծնողներ երեխաներին մանկապարտեզ տանելու խնդիր ունեն: Երբ քննարկումները հանգուցալածվեն, տեղեկություն կտրվի հանրությանը»,- ասաց Կարապետյանը:

  • Կիսվել: