ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համագործակցության պայմանագիր՝ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ագրարային համալսարանի միջև

Համագործակցության պայմանագիր՝ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ագրարային համալսարանի միջև

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տրվել է «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկը։

Եռօրյա միջոցառման մեկնարկային հանդիպմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը և Արամ Մեյմարյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, գիտական-կրթական հաստատությունների ներկայացուցիչներ եվրոպական երկրներից, ոլորտով շահագրգիռ այլ անձինք։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ողջունել է ծրագրի մեկնարկը Հայաստանում` նշելով որ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հենքի վրա ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ մշակվող մագիստրոսական նոր կրթական ծրագրի ներդրումը անշուշտ հիմք կհանդիսանա ակվակուլտուրաների ու ձկնային տնտեսության կառավարիչների պատրաստմանը:

«Ծրագրի միջոցով ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կծառայեն Հայաստանում գործող, ինչպես նաև ապագայում ստեղծվելիք ակվակուլտուրաների և ձկնային տնտեսությունների կողմից գիտականորեն հիմնավորված գործունեությանը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, ինչի արդյունքում կնվազի ակվակուլտուրաների և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»,-նշել է նախարարի տեղակալը։

Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ Հայաստանում և Ուկրաինայում ստեղծելով և զարգացնելով ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական կրթական ծրագրեր, որոնք համարժեք կլինեն եվրոպական առաջատար նմանատիպ ծրագրերին, ուղղված կլինեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից։ Ծրագրի արդյունավետ իրակնացման նպատակով համագործակցության պայմանագիր է կնքվել ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև։

  • Կիսվել: