չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառվել են Արցախից տեղահանված 88 քաղաքացիներ

Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառվել են Արցախից տեղահանված 88 քաղաքացիներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում  այս պահին հաշվառվել են Արցախից տեղահանված 88 քաղաքացիներ, բայց խորհրդատվության նպատակով կենտրոն դիմող քաղաքացիներն ավելի շատ են: 

Այս մասին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը՝ նշելով, որ պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու և սոցիալական վիճակը մեղմելու նպատակով ՀՀ կառավարության կողմից  հաստատել է 2 ծրագիր՝ Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում և գործազուրկ քաղաքացիներին աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում։

 

Առաջին ծրագրի նպատակն է Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիներին ընդգրկել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում, իսկ մյուս ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի Արցախի  Հանրապետության գործազուրկ քաղաքացիներին՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և ժամանակավոր աշխատանքի տեղավորվելու նպատակով։ Ծրագրի տևողությունը երեք ամիս է: Ծրագրի շրջանակում շահառուին վճարվում է ամսական աշխատավարձ` 100 000 դրամի չափով, իսկ գործատուին փոխհատուցվում է շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և, օրենքով սահմանված դեպքերում, սոցիալական վճարը։ Ծրագրի շրջանակում ամսական 34 000 դրամի չափով վարձատրվում է նաև գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռք բերման գործընթացը կազմակերպող մասնագետը:

Վերոնշյալ ծրագրերում ընդգրկվել կարող են պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող այն անձինք, որոնք հաշվառված են և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում:

  «Ամեն ինչ արվում է, որ գործազուրկը շահի, և գործատուն ծանր վիճակի մեջ չլինի: Գործընթացն ակտիվորեն շարունակվում է, և այցելուների թիվը՝ ավելանում: Քաղաքացիների ակտիվություն է նկատվում հատկապես վերջին ամսվա ընթացքում: Պայմանավորվածություններ ունենք արդեն մի շարք գործատուների հետ»,- նշեց Ամալյա Ադամյանը՝ հավելելով, որ նրանց դիմող արցախահայությանը գործազուրկի կարգավիճակ տալու  համար այս պահին ճշգրտումների փուլում են: Վերջիններս, գուրծազուրկի կարգավիճակը ճշտելուց հետո, կընդգրկվեն ծրագիր: Աշխատանք փնտրողների մեջ շատ են շինարարաները, մանկավարժները, վարորդները, մշակույթի ոլորտի աշխատակիցները:

  • Կիսվել: