չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» ծննդատան նոր մասնաշենք կունենա

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» ծննդատան նոր մասնաշենք կունենա

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն արժանացավ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում հողամաս ներդնելու մասին որոշման նախագիծը։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Շիրակի մարզում ներկայում գործող «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացմամբ։

Այսպիսով, ծննդատան նոր մասնաշենք կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Գ․ Նժդեհի փողոց 3/6 հասցեում գտնվող 0,21124 հա հողամասի շուկայական արժեքի գնահատումից հետո այն, որպես կանոնադրական կապիտալում ներդրում, գնահատված արժեքի չափով ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով դրա գնահատված արժեքին համամասնական չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։

Փոխնախարարն ասաց, որ ՀՀ առողջապահության նախարարի և շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի կողմից հիմնած հիմնադրամի միջև 2019 թվականի օգոստոսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Համաձայն Հուշագրի՝ առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացման գործում, իսկ ծննդատան նախագծման եւ կառուցման շինարարական աշխատանքների ֆինանսավորումն կիրականացվի Վարդան Սրմաքեշի կողմից ստեղծված հիմնադրամի միջոցներով:

Արդյունքում, Գյումրիում կգործի ժամանակակից շինարարական նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատուն։

Ըստ փոխնախարարի՝ 2020 թվականին կսկսեն շինարարական աշխատանքները:

 

 

  • Կիսվել: