հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Գյումրիում ծեծի ենթարկված աղջկա եղբայրը վերադառնում է Հայաստան․ խնամակալի հարցը դեռ չի լուծվել

Գյումրիում ծեծի ենթարկված աղջկա եղբայրը վերադառնում է Հայաստան․ խնամակալի հարցը դեռ չի լուծվել

Տեղի է ունեցել Գյումրիում մոր ընկերոջ կողմից դաժանորեն ծեծված 13-ամյա աղջկա խնամակալության հարցով հանձնաժողովի նիստը։

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը Newmedia.am-ի հետ զրույցում նշել է, որ այսօրվա նիստում խնամակալության հարցը չի որոշվել։

Աղջնակի չափահաս եղբայրը վերադառնում է Հայաստան։ Որոշել են հանդիպել նրա հետ, փորձել համոզել այդքան կտրուկ չհրաժարվել քրոջից։

Բացի այդ, Գյումրիի խնամակալության հոգաբարձուների հանձնաժողովը որոշել է լսել երեխային, հաշվի առնել նրան կարծիքը։ Խնամակալ չի որոշվել նաև այն պատճառով, որ երեխան դեռ երկար պիտի բուժվի։ Հայտնի չէ, թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առողջական ինչ խնդիրներ կունենա, ինչ բուժում կանցնի։

Աղջկա հորաքրոջ խոսքով՝ Գյումրիում մարտի 5-ին 43-ամյա կնոջ սպանության և նրա 13-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու օրը տանն է եղել նաև գործով մեղադրյալ 28-ամյա Դավիթ Պողոսյանի  մայրը, հայտնում է news.am-ը։

Կնոջ խոսքով՝ 2 տարի առաջ՝ եղբոր մահանալուց հետո, իրենք դադարել են շփվել հարսի հետ։ Մեկ տարի առաջ եղբոր որդին, չհամակերպվելով մոր՝ ընկեր ունենալու փաստի հետ, տեղափոխվել է հորաքրոջ տուն բնակության, վերջին երեք ամիսներին էլ բնակվում է Ռուսաստանում, դեպքի մասին տեղեկանալուց հետո վերադառնում է Հայաստան։

Երեխաներից փոքրը՝ աղջիկը, մնացել է մոր հետ, թեև հորաքույրը պնդում է, որ ինքը ցանկություն է հայտնել նաև նրա խնամքով զբաղվել, սակայն մայրը թույլ չի տվել։

Կնոջ խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում ինքը որևէ տեղեկություն չի ունեցել հարսից ու եղբոր աղջկանից. «Անցել է 2 տարի ու ես այդ կողմով անգամ չեմ էլ անցել. չէի ուզում իրենց տեսնեի։ Ես հարևանից եմ տեղեկացել, որ այդպիսի դեպք է պատահել»։

Նրան հարևանները պատմել են, որ վերջին ամիսներին հարսի ու նրա անչափահաս դստեր հետ բնակվել են ոչ միայն մեղադրյալը, այլև նրա մայրը. «Սպանության ժամանակ էլ այդտեղ է եղել ու շտապօգնություն է կանչել, որ երեխային տանեն հիվանդանոց»։

  • Կիսվել: