շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը

Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը

Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը: Նորակոչիկներին հայոց բանակ են ճանապարհել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող Իշխան Գրիգորյանը, ծառայության Շիրակի մարզի պատասխանատուները, նորակոչիկների հարազատները։

Շիրակի մարզպետը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել չընկրկել խոչընդոտների առջև՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն․

«Սիրելի նորակոչիկներ, մեզ համար հուզումնալից, ձեզ համար, վստահ եմ՝ պատիվ է լինել հայ զինվոր, ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու զինված ուժերին։ Ցանկանում եմ, որ ծառայությունն անցի առանց փորձությունների, խաղաղ երկնքի տակ և առողջ ու կամքով առավել զորեղացած վերադառնաք ձեր օջախներ։ Սիրելի ծնողներ, ես ձեզ առավել քան հասկանում եմ, ես էլ եմ զինվորի հայր։ Հպարտ եղեք, գիտեմ դժվար է ճանապարհել զավակին, բայց դուք այսօրվանից հատուկ կարգավիճակ ունեք՝ զինվորի ծնող եք և այս բառերը հպարտության զգացում թող առաջացնեն ձեզ մոտ, հայրենիքին պաշտպան եք ճանապարհում, ում պետք է սպասեք մեծ սիրով ու գորովանքով, բոլորիդ բարի երթ, խաղաղ և անվտանգ ծառայություն, իսկ ծնողներին ու հարազատներին՝ համբերություն»։

  • Կիսվել: