Գյումրին կհյուրընկալի «Ավրորա» ֆորումի մասնակիցներին
Գյումրին հյուրընկալելու է «Ավրորա» ֆորումի մասնակիցներին: Այս առիթով «Վարդանանց» հրապարակում տեղադրվում է Հայաստանի պատմության մեջ ամենամեծ բեմը, ավագանու նիստում հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Նա նշեց, որ բեմը տեղադրում է ռուսական ընկերությունը:
Բեմը նախատեսված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում իրականացվող մշակութային միջոցառումների եզրափակիչ համերգի համար:
«Ավրորա»-ի շրջանակներում մյուս միջոցառումները Գյումրիում կմեկնարկեն հոկտեմբերի 17-ին: Հանրային միջոցառումները կսկսվեն Երախտագիտության ֆլեշմոբով, որի նպատակն է Գյումրու մի քանի հազար դպրոցականների մասնակցությամբ ընդգծել հումանիտար աջակցության և երախտագիտության կարևորությունը:
Պատմական բնաջնջումից ավելի քան 100 տարի անց գյումրեցի դպրոցականները «Тhank you, world» բառերով ֆոտոուղերձ կհղեն աշխարհին:
Ֆլեշմոբից հետո տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, Բարի կամքի դեսպանները և «Ավրորա» մրցանակի դափնեկիրները կայցելեն Գյումրու «Բարեկամություն» զբոսայգի՝ մասնակցելու այգու վերականգման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Մշակութային երեկոն կամփոփվի Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blues Orchestra միջազգային խմբի բացօթյա համերգով, որի բացմանը՝ ժամը 18:00-ին, հանդես կգան նաև Bambir հայկական ֆոլկ-ռոք խումբը և TmbaTa նվագախումբը: