Գյոզալ կոռուպցիոն համակարգը գոյություն չունի. Փաշինյան
Երկու տարի իշխանությունները ոչ միայն կրիմինալի կարիքը չունեն, այլեւ պայքարում են դրա դեմ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն խմբերին, որոնք հիասթափվել են հեղափոխությունից հետո:
Վարչապետը, մասնավորապես, ասաց. «Ենթադրենք աներ-փեսա օպերացիան, որը շատերի համար պետք է առաջիկա 10 տարիներին շատերին ապահովեր աշխատանք, անելիք, եկամուտներ, փլուզվել է եւ մարդկանց առաջիկա 10 տարվա անելիքը փլուզվել է: Հաջորդ խումբը երեկ անդրադարձա երեկ, դա կրիմինալն է, ոչ թե ընդհանրապես, այլ մերձքաղքաքական կրիմինալը, դրանք այն մարդիկ են, որոնք ամենատարբեր առիթներով ՝ ընտրություններ, քննադատներին ճնշել, զսպել, պտուտակները ձգել, ծառայություններ են ստացել եւ դրա դիմաց ստացել են որոշակի արտոնություններ: Հիմա 2 տարի իշխանությունը ոչ միայն նրանց ծառայությունների կարիքը չունի, այլեւ այսօր կրիմինալի դեմ պայքարում է անընդհատ նեղացնելով այն դաշտը, որտեղ կրիմինալ երեւույթները կարող են ինչ-որ դրսեւորում ստանալ»: Նա նշեց, որ սա էլ իր հետ բերում է հիասթափություն:
Ըստ վարչապետի՝ հիասթափության առիթ ունեցող մյուս խումբը կոռուպցիոներներն են, որոնք մտածում են, որ շուտով «աղմուկ-աղաղակը» կանցնի, եւ պետական կառավարման համակարգը, որ գոյություն է ունեցել երկար տարիներ, նորից 1000 դրամով, 2000 դրամով կոռուպցիոն համակարգը կամաց-կամաց կվերականգնվի:
Փաշինյանն ասաց. «Չի վերականգնվի: Սա չի նշանակում, որ կաշառք վերցնողներ չկան, բայց խնդիրն այն է, որ կաշառք վերցնողներին բռնում են: Սա կոռուպցիան համակարգի համար այնքան էլ ընդունելի չէ: Հիմա մարդիկ կաշառք են վերցնում անձնական պատասխանատվությամբ, որովհետեւ գյոզալ կոռուպցիոն համակարգը գոյություն չունի»:


