Գրեթե բոլոր պատգամավորների պարգևավճարը փոխանցել ենք կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին. Միրզոյան
Պատգամավորների համար կա սահմանված աշխատավարձ և 30 տոկոսի չափով պարգևավճար պետական ծառայողների համար՝ կապ չունի կրտսեր, թե առաջատար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով պարգևավճարների թեմային։
Նրա խոսքով, 30 տոկոսի չափով պարգևավճար ստանում են ոչ միայն պատգամավորները, այլ նաև ԱԺ բոլոր 700 աշխատակիցները:
Արարատ Միրզոյանը նշեց, որ պատգամավորները մոտավորապես 150 հազար դրամ պարգևավճար են ստանում, ինչը կազմում է աշխատավարձի 30 տոկոսը:
Նա նաև ասաց, որ այս գումարման ԱԺ պատգամավորները չունեն բիզնեսներ, բայց առավոտից երեկո աշխատում են, անում են հնարավորինը։
Արարատ Միրզոյանը խոսեց նաև այն տեղեկությունների մասին, թե դժգոհություններ կան՝ պատգամավորները դժգոհել են, երբ որոշում է կայացվել մեկ ամսվա պարգևավճարը փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին. «Դժգոհությունների մասին ես իմացել եմ մամուլից, ինձ որևէ մեկն այդ մասին չի ասել: Ենթադրում եմ, որ կարող են լինել»։
Նրա խոսքով՝ միայն պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարն է փոխանցվել, սակայն, ըստ նրա, եղել են պատգամավորներ, որոնք չեն փոխանցել, քանի որ արդեն փոխանցած են եղել COVID-19 հիմնադրամին: «Գրեթե բոլոր պատգամավորների պարգևավճարը փոխանցել ենք։ Ինչ վերաբերում է աշխատակազմին, ապա նրանք ստացել են իրենց պարգևավճարները»։


