շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գնել Սանոսյանն այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր. քննարկվել են վնասված ենթակառուցվածքները վերականգնելուն առնչվող հարցեր

Գնել Սանոսյանն այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր. քննարկվել են վնասված ենթակառուցվածքները վերականգնելուն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ և այսօր այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։
 
Նախարարը տեղում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին։
 
 
Նախարարը հանդիպել է մարզպետներին, համայնքապետներին, և տեղում քննարկվել է ստեղծված վիճակը, անելիքները, և այլ կազմակերպչական հարցեր։
 
Քննարկվել է հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու վերաբերյալ հարցեր։
 
 
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրետակոծության արդյունքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարբեր համայնքներում նախնական տվյալներով վնասվել է 192 բնակելի տուն, որից մոտ 60-ը վնասվել են գրեթե ամբողջությամբ, 3 բնակավայրում (Սոթք, Կութ և ք․ Ջերմուկ) վնասվել են վարչական շենքեր և ենթակառուցվածքներ, վնասվել են օժանդակ կառույցներ, հրդեհվել են 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի արտեր։
 
 
 
7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 2 մեքենա։
 
 
Սիսիան, Կապան, Տեղ, Վարդենիս համայնքներում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, Վաղատուր բնակավայրը սպասարկող գազատարը։ Վնասվել են նաև Ջերմուկ համայնքի 3 հյուրատուն, 1 առողջարան, ճոպանուղի։
 
 
Կեչուտի ջրամբարի մեջ 2 արկ է ընկել, սակայն վնաս չի հասցրել։
 
 
Առկա են բազմաթիվ այլ վնասներ, որոնք այս պահին գույքագրվում են։
 

 

  • Կիսվել: