երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավոված է «Տարոն Ավիայի» հետ կապված թռիչքային խնդիրներով. Փորձագետ

Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավոված է «Տարոն Ավիայի» հետ կապված թռիչքային խնդիրներով. Փորձագետ

Ավիացիայի հարցերով փորձագետ Նավիկ Խաչատրյանը բնական է համարում Եվրոպական հանձնաժողովը հայտարարությունը, որի համաձայն Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեությունը վերցվել է խիստ վերահսկողության տակ:

«Ամենայն հավանականությամբ խնդիրը կապված է «Տարոն Ավիայի» հետ, որը ուղևորափոխադրումներ է իրականացնում Շիրակ օդանավակայանից: Իմ տվյալներով, թռիչքային անվտանգության խնդիր է եղել», - PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց փորձագետը:

Նա ասաց, թե դեռ մի քանի օր առաջ է տեղեկություն ստացել, որ Հայաստանի համար վատ լուրեր են սպասվում Բրյուսելից: Վատ լուրը, փաստորեն, չուշացավ և պաշտոնական հայտարարությամբ Եվրոպական հանձնաժողովը մտահոգություն հայտնեց Հայաստանից իրականացվող թռիչքների կապակցությամբ: Միևնույն ժամանակ հայտարարության մեջ Եվրահանձնաժողովի անհանգստության պատճառները չեն նշվել:

«Չեն ասում, բայց Հայաստանի հետ կապված լուրջ խնդիրներ կան», - նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարությունը՝ ի դեմս Տաթևիկ Ռևազյանի, սխալ կադրային քաղաքականություն է վարում.

«Բոլոր հմուտ մասնագետներից հրաժարվել է, բերեց իր ջահելներին, որոնք բան չգիտեն: Աշխատացնում են կոմիտեն, որպես թրեվըլ էջենսի: Հիմա փաստորեն գալու են դրսից նորակոչիկներին աուդիտ անեն, շատ վատ բաներ են սպասվում Հայաստանին, ընդհուպ կարող է թռիչքները դադարեցնեն»:

Փորձագետի խոսքով, շատ հնարավոր է, որ «Տարոն Ավիայի» հետ կապված թռիչքային անվտանգության խնդիրը Քաղաքացիական ավիացիայի ղեկավարը կամ չի հասկացել, կամ փորձել են կոծկել:

PrimeNews.am-ին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից բանավոր չմեկնաբանեցին Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունը և հորդորեցին հարցերն ուղղել գրավոր: Մինչ այժմ դեռ պատասախններ չեն ուղարկել Կոմիտեից:

Նշենք, որ ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հայտարարություն է հրապարակել, որում նշել  էր, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեությունը վերցվել է խիստ վերահսկողության տակ: «Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խիստ վերահսկողության տակ է վերցվել՝ կապված թռիչքների անվտանգության ապահովման համար հսկողության թուլացման նշանների հետ», - նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ Եվրահանձնաժողովի անհանգստության բուն պատճառները չեն նշվում:

 

  • Կիսվել: