Եթե ողջ-առողջ եք և ինձ հարց եք տալիս, նշանակում է՝ այդքան էլ փակված չեք. Փաշինյանը՝ «Armat Media»-ի լրագրողին
Ուրախ եմ, որ ողջ-առողջ եք և ինձ հարց եք տալիս, նշանակում է՝ այդքան էլ փակված չեք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը, երբ «Armat Media»-ի լրագրողը հետաքրքրվում էի՝ ինչպե՞ս ստացվեց, որ ժողովրդավարության բաստիոնում, ընտրություններից երկու օր առաջ կապարակնքվեց իրենց լրատվամիջոցի դուռը՝ քաղաքական մոտիվներով:
Փաշինյանը պատասխանել է, որ բացարձակապես տեղյակ չէ, թե լրագրողն ինչի մասին է խոսում:
«Բա ո՞նց են Ձեզ թողել մտնել այս շենք: Եթե այդպիսի միտում լիներ, կասեին՝ Դուք ընդհանրապես չկաք, իրավունք չունեք մտնել այս տարածք: Եթե արվել է գործողությունը, ուրեմն դրա իրավական հիմքը եղել է:
Մենք այսօր հիբրիդային սպառնալիքների հետ ենք առնչվում և ֆեյքերի ֆաբրիկաներ կան ՀՀ-ում, իրավապահները պարտավոր են, այդ թվում ֆեյքերի ֆաբրիկաները հայտնաբերելու ուղղությամբ ջանքեր գործադրել»,-նշել է Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում:
Կայքի խմբագիր Նելլի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «այն ինչ կատարվում է այս պահին «Armat Media»-ի խմբագրությունում պարզապես անթույլատրելի է, ազատ խոսքի դեմ արշավ է սա»:
Ավելի ուշ «Armat Media»-ի խմբագիր Աղավնի Սուքիասյանը տեղեկացրեց՝ սենյակ մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իր հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները: Նելլի Ավետիսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ տանում են նաև իրենց մոնտաժողների համակարգիչները:



