շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Եթե գնանք այդ 40%-ի հետևից, շարժում կսկսվի, թե ինչպես Կառավարությունը տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների Նոբելյան մրցանակի դռնից բռնում, հետ է բերում. վարչապետ

Եթե գնանք այդ 40%-ի հետևից, շարժում կսկսվի, թե ինչպես Կառավարությունը տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների Նոբելյան մրցանակի դռնից բռնում, հետ է բերում. վարչապետ

«Մենք խնդիր ենք տեսնում նրա մեջ, որ պետությունում չկա ծրագիր, որն ուսանողներին առաջնակարգ բուհերում ուսանելու և Հայաստանում գործելու հնարավորություն տա, որը մեր երկրի զարգացման կարևոր պայման է: Մենք անընդհատ մեխանիզմների փնտրտուքի մեջ ենք, թե ինչ անենք, որպեսզի նման արդյունավետ ծրագիր ունենանք»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ առաջին քայլին, որ արել են. «Առաջին բանը, որ արել ենք, փորձել ենք վերլուծել այն փորձը, որն ունեցել ենք: «Լույս» հիմնադրամի կողմից կրթաթոշակ ստացածների ընդամենը 20 տոկոսն է, որ վերադարձել է Հայաստան և հետևաբար ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում: Համանման գործունեություն փորձեցինք պատվիրակել, որ «Իմ քայլ»-ը հիմնադրամն իրականացնի, բայց այդտեղ էլ 40 տոկոս չվերադարձելիություն ունենք: Մենք ըսենց պրոբլեմների չենք անդրադառնում, բայց պետք է հասկանալ՝ սա ինչ երևույթ է: Թվում է, թե Կառավարությունն ուղիղ կամ անուղղակի աջակցում է, որ մարդիկ գնան սովորեն, գնում են՝ հետ չեն գալիս: Ինչին ասես անդրադառնում ենք, նման թեմաներին չենք անդրադառնում: Սա ինչի մասին է վկայում, առնվազն այս հարցը պետք է տանք մեզ»:

Վարչապետը խոսեց այն մասին, թե Կառավարությունն ինչ է առաջարկում. «Պետք է կոնկրետ ընկերություններում լինեն կոնկրետ մասնագետներ, մենք իրենց աջակցենք, որպեսզի իրենք այդ մասնագետներին պատրաստեն այն կանխավարկածով, որ մասնավորի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունն ավելի դժվար է չկատարել, քան Կառավարության նկատմամբ: Եթե հիմա Կառավարությունը գնա այդ 40 տոկոսի հետևից, մի շարժում կսկսվի, թե ինչպես Կառավարությունն ապազգային ձևով թույլ չի տալիս, որ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ Նոբելյան մրցանակ ստանան և Նոբելյան մրցանակի դռնից բռնում, հետ է բերում ՀՀ»:

  • Կիսվել: