Երևանում Nissan-ը բախվել է բետոնե բաժանարար հատվածին և կողաշրջվել
Այսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 18:15-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 36 QM 860 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում մոտ 80 մետր առաջ ընթացել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել: Մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, վթարի հարևանությամբ՝ Արշակունյաց պողոտա 34/16 հասցեում գործող «Տիտան Պետրոլ» բենզալցակայանի աշխատակիցները բենզալցակայանում հրդեհաշիջման սարքերով մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որից հետո հրշեջ-փրկարարների ու ճանապարհային ոստիկանների հետ դարձի են բերել ավտոմեքենան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների ՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի չկառավարվելը, քանի որ այն եղել է ձախակողմյան ղեկով, սակայն հետո դարձվել է աջակողմյան:


