ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ, կան վիրավորներ

Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ, կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Mazda 6 մակնիշի ավտոմեքենան Արմենակյան փողոցում՝ թիվ 128 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել տրանսպորտի համար նախատեսված կանգառի մեջ։

 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից և Երևանի թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։

Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել կանգառի և շինության պատի արանքից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Լևոն Հախվերդյանն ու կրտսեր պարեկ Տարոն Ստեփանյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «ԵրՔաղԼույս»-ի ներկայացուցիչները։

Վրաերթի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Վ. Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: