Երևանում բախվել են Mercedes-ը, Toyota-ն ու Opel-ը. Opel-ը հայտնվել է Mercedes-ի վրա. կա 6 վիրավոր
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 19:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Բախման հետևանքով Mercedes-ը մասամբ հայտնվել է Opel-ի տակ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Արթուր Փաշիկյանն ու տեսուչ Սամվել Իսախանյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:


