երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայության շարժակազմը համալրվել է նոր շտապօգնության ավտոմեքենաներով

Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայության շարժակազմը համալրվել է նոր շտապօգնության ավտոմեքենաներով

Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն սեփական միջոցներով՝ լիզինգի մեխանիզմով ձեռք է բերել 7 նոր, ժամանակակից և գերհագեցած «Mercedes-Benz» մակնիշի շտապօգնության ավտոմեքենա, որից 6-ը՝ գծային, 1-ը՝ ռեանիմոբիլ (վերակենդանացման ավտոմեքենա):

Նոր ավտոմեքենաները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչը շտապբուժօգնության անձնակազմին հնարավորություն է տալիս առավել արագ ու արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին՝ բարձրացնելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։

Քաղաքացիներին արագ և որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում իրականացվել են նաև մի շարք համակարգային բարեփոխումներ։

Ձեռքբերված կապի միջոցների շնորհիվ 1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ հնարավորություն է տալիս ուշացումով կամ անպատասխան զանգեր չունենալ։

Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը բավականին հեշտացնում է աշխատանքը:

Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունն սկսել է շահութաբեր աշխատել, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել պարկը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները:

Բարձրացվել են աշխատավարձերը (8–18%), թարմացվել են անձնակազմի համազգեստները, տեղադրվել են տեսախցիկներ և արդիականացվել են ենթակայանների գույքն ու տեխնիկական պայմանները։

  • Կիսվել: