Երեխաների ինքնավնասող վարքագիծ, ազդակ, որը չի կարելի անտեսել. ԱՆ
Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։
Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը
Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։
Ամենահաճախ հանդիպող ձևերն են.
◾️ կտրվածքները,
◾️ այրվածքները,
◾️ այլ տեսակի ֆիզիկական վնասվածքները։
Այս վարքագիծը հաճախ ծառայում է որպես հուզական ցավը, սթրեսը կամ դատարկության զգացողությունը հաղթահարելու մեխանիզմ։
Պատճառներ և ռիսկի գործոններ
Ինքնավնասող վարքագծի հիմնական պատճառներն են․
◾️ զգացմունքների կառավարման դժվարությունները, հատկապես` սթրեսային կամ կոնֆլիկտային իրավիճակներում,
◾️ հոգեկան խանգարումներ՝ դեպրեսիա, անհանգստության խանգարումներ,
◾️ տրավմատիկ փորձառություններ՝ բռնություն, բուլինգ, մտերիմ մարդու կորուստ:
Ծնողներն ու մանկավարժները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ ախտանշաններին․
◾️ անհասկանալի կտրվածքներ, այրվածքներ կամ կապտուկներ,
◾️ տաք եղանակին երկարաթև հագուստի մշտական կրում,
◾️ մեկուսացում, փակվածություն, հետաքրքրությունների կորուստ,
◾️ հաճախակի տրամադրության փոփոխություններ, գրգռվածություն, դեպրեսիվ վիճակ,
◾️ բարկության, դատարկության կամ անզորության զգացումներ:
Ինչպե՞ս աջակցել դեռահասին.
🔸 բաց երկխոսություն՝ զրուցե՛ք երեխայի հետ առանց մեղադրանքների,
🔸 մասնագետի օգնություն՝ հոգեբանի կամ հոգեբույժի խորհրդատվությունը կօգնի բացահայտել վարքի պատճառները և մշակել օգնության ծրագիր,
🔸 անվտանգ միջավայրի ստեղծում՝ ընտանիքում ձևավորե՛ք վստահության մթնոլորտ, խուսափե՛ք քննադատությունից և ճնշումից,
🔸 տեղեկացվածություն՝ ուսումնասիրե՛ք ինքնավնասող վարքագծի վերաբերյալ նյութեր երեխայի վիճակը ավելի լավ հասկանալու համար։