չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Երեխաների հեռախոսներն են տարել եւ պլանշետը. խուզարկել են ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տունը

Երեխաների հեռախոսներն են տարել եւ պլանշետը. խուզարկել են ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տունը

Այսօր առավոտ ժամը 8:00-ի սահմաններում ԱԱԾ աշխատակիցների հետ միասին քննչական կոմիտեի քննիչները եկան մեր տուն, ներկայացրեցին դատարանի որոշում, որով պետք է խուզարկություն անեին տանը։  Այս մասին այսօր իր տան մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ հավելելով, որ երբ եկել են, բոլորը տանը քնած են եղել։

«Ընդհանուր այս պրոցեսը, համոզված եմ՝ կապված է նրա հետ, որ երեկ իշխանական թևը ինչ-որ պլան էր գցել։ Այդ պլանի հետ կապված կատարել են խուզարկություն, նոր ավարտվել է խուզարկությունը։ Դա իշխանությունների վախն է, հասկանալով, որ մեր հայրենասեր ժողովուրդը չի ուզում լինի այն, ինչ որ կատարվում է այս երկրում։ Մեր պայքարը արժանապատվության, հայրենիքի, եկեղեցու համար է և կարծում եմ այս գործողություններով փորձում են լռեցնել։ Իմիջիայլոց, սա ինձ համար սովորական երևույթ է։ Այս վեց տարիների ընթացքում մի քանի անգամ այսպիսի պրոցեսների միջով ես անցել եմ, և ասեմ, որ սրանով մեզ չեն կարող լռեցնել»,–ասաց պատգամավորը՝ նշելով, որ 3 ժամից ավելի տեւել է խուզարկությունը։

Հարցին՝ ի՞նչ են գտել իրավապահները տնից, Արթուր Սարգսյանը պատասխանեց. «Երեխաների հեռախոսն են առգրավել,պլանշետն են առգրավել, մեկ էլ մի քանի փաստաթուղթ, որը այն ինչի մասին իրենք խոսում են, դրա հետ ընդհանրապես կապ չունի։

Անուններ էր գրած, որը վաբշե այս գործի հետ կապ չունի, Սիսիանի փողերի տարածքների հետ կապված անուններ են, դրանք են առգրավել, ուրիշ ոչինչ չեն առգրավել։ Երկու հեռախոս են տարել և մեկ պլանշետ»։

Ինչ վերաբերում է այլ անձանց տներում խուզարկություններին, նա նշեց. «Ճիշտ ասած, նոր եմ դուրս եկել, ոչ մեկի հետ չեմ կապնվել, բայց դատարանի որոշման մեջ անուններ կային գրված, բնականաբար այսօր վստահ եմ, որ էլի շատ մարդկանց տները խուզարկություն են իրականացրել։

Ես երեկ ֆեյսբուքից եմ իմացել, որ տենց պլան կա, դա աբսուրդ պլան է և ես վստահաբար ասում եմ, որ իշխանությունը այդ պլանը գցել է, որ այսօր այս գործողությունները իրականացնի։ Դա ընդամենը իրենց երևակայությունն է։

Մեր պայքարը շարունակվելու է, որովհետև մեր պայքարը մեր հայրենիքի, մեր արժանապատվության, մեր եկեղեցու, մեր լինել-չլինելու համար է։ Այս գործողություններով ոչ միայն ես, այլև մեր ամբողջ ժողովուրդը պայքարելու է մինչև վերջ, հասնելու է իր նպատակին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնում են, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

  • Կիսվել: