հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երբ հավատում ենք, ապացուցելու կարիք չկա. Կրկնազատիկ

Երբ հավատում ենք, ապացուցելու կարիք չկա. Կրկնազատիկ

Գունագեղ կիրակիներ, Հինունք կամ Հինանց օրեր. Սուրբ Հարության տոնից հետո քրիստոնյայի ուղին շարունակվում է կիրակիների մեկ այլ շղթայով: Այն տևում է 50 օր, մինչև Հոգեգալուստ, փոխանցում է Qahana.am-ը:

Այս շրջանի առաջին քառասունքը հիշատակում է քառասուն օրերը, որոնք Քրիստոս անցկացրեց Իր աշակերտների հետ Հարությունից հետո: Հաջորդող տասը օրերն էլ Համբարձման տոնի շարունակությունն ու փառաբանությունն են, նախապատրաստությունը՝ Հոգեգալստյան:

Գունագեղ կիրակիների շղթայի սկիզբը Նոր կիրակին է՝ Կրկնազատիկը:

Նոր Կիրակի. նորոգման խորհուրդ

Նոր կիրակիի խորհուրդն ամբողջությամբ նորոգված լինելն է, նշում է Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը.

«Ինչպես եղանակի դեպքում, ձմռանը բնությունը թոշնում է, գարնանը տեսնում ենք ծաղկունք, աշխարհը գույն է ստանում: Հարության տոնից առաջ անցնում ենք ապաշխարության շրջան՝ մեղքերի սրբագրման, ինքնամաքրման: Կյանքը Սուրբ Հարությունից հետո նոր սկիզբ ունեցավ, նորոգվեց մարդկությունը: Նոր կիրակի ապրում ենք նորոգման խորհրդով»:

Օրն անվանվում է նաև Կրկնազատիկ՝ քրիստոնյաներին հիշեցնելով, որ Քրիստոս Հարությունից հետո կրկին, երկրորդ անգամ Վերնատանը հայտնվեց առաքյալներին։

Ըստ Աստվածաշնչի՝ Հարության կիրակի, երբ Քրիստոս հայտնվեց Վերնատանը հավաքված իր աշակերտներին, Թովման ներկա չէր: Երբ նրան փոխանցեցին Հարության ավետիսը, ասաց՝ եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը, մատներս չդնեմ մեխերի տեղը, ձեռքս Նրա կողին չդիպչի, չեմ հավատա»,- ներկայացնում է Տեր Հրաչյան:

Հաջորդ անգամ, երբ առաքյալները կրկին հավաքվել էին Վերնատանը, Տերը հայտնվեց ու դիմելով Թովմային` ասաց. ««Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»: (Հովհաննես 20:27)

Առաքյալը բացականչեց. «Տե´ր իմ և Աստված իմ»: 

«Մինչև չտեսնեմ,չեմ հավատա» արտահայտությունը հաճախ կարելի է լսել: Մենք շարունակ փնտրում ենք ապացույցներ, սակայն, երբ հավատում ենք, ապացույցներ փնտրելու կարիք չկա: Մինչև չհավատանք, հարուցյալ Քրիստոսին չենք տեսնի, իսկ Տիրոջը պետք չէ փորձել, ապացույցներ պահանջել, հիշեցնում է քահանան: 

Պատմությունը ևս մեկ հետաքրքիր հատված ունի: Նույն օրը Հիսուս Քրիստոս ասում է. «Երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան» (Հովհաննես 20:29)

«Եթե մարդ թերահավատ չլինի, իր կյանքում առաջնային լինի Աստված, հավատա, որ այն, ինչ ունի Աստծո պարգև է, այդ ժամանակ լիարժեքորեն կվայելի Տիրոջ օրհնությունը: Մինչ ապացույցներ փնտրելը, նախ պետք է հավատանք: Ամենից առաջ հավատքն է կարևոր: Պետք է վերարթնանա մեր հոգևոր կյանքը, կարողանանք մեր հոգին ավելի զորացնել՝ աղոթքով, Աստծո տան մեջ ներկայությամբ»,- նշում է Տեր Հրաչյան:

  • Կիսվել: