ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
ԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներ

ԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներ

Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Բաքու կատարած այցի ընթացքում ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացրել ադրբեջանական կողմի հետ՝ քննարկելով տարածաշրջանային զարգացումներն ու խաղաղության գործընթացի հեռանկարները։

Ինչպես հայտնում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, Բաքվում կայացած հանդիպումների առանցքում են եղել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, փոխկապակցվածության հնարավորությունները, ինչպես նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։ Գրոնոն հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնականներ Հիքմեթ Հաջիևի ու Էլչին Ամիրբեկովի և ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովի հետ։ Քննարկվել են նաև ԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի շփումները՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ կողմերը համակարծիք են երկու երկրների միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված «պատմական ձեռքբերումների» տեմպը պահպանելու անհրաժեշտության հարցում՝ ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակելու է իր աջակցությունը այս գործընթացին։

  • Կիսվել: