ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էֆֆեկտիվ կառավարման շնորհիվ մարզային ԲԿ-ն կարող է պետական հոգածության ներքո ինքնուրույն լուծել իր խնդիրները և բռնել զարգացման ուղին. Չարենցավանի ԲԿ-ի տնօրեն

Էֆֆեկտիվ կառավարման շնորհիվ մարզային ԲԿ-ն կարող է պետական հոգածության ներքո ինքնուրույն լուծել իր խնդիրները և բռնել զարգացման ուղին. Չարենցավանի ԲԿ-ի տնօրեն

Առանց նախասրահի աշխատասենյակ, որը անմիջապես նայում է մուտքին և որի դուռը գրեթե մշտապես բաց է թե այցելուների, թե աշխատակազմի համար... Ահա այն առաջինը, ինչ տեսնում ես Չարենցավանի բուժկենտրոն մտնելիս: Որքան էլ զարմանալի թվա, մուտքի անմիջապես հարևանությամբ գտնվող առանց նախասրահի դռնբաց այդ աշխատասենյակը ԲԿ-ի տնօրեն Գառնիկ Սահակյանի աշխատասենյակն է, որտեղ անարգել, առանց դուռը թակելու կամ քարտուղարուհու միջոցով տնօրենին տեղյակ պահելու ելումուտ ունեն թե պացիենտները, թե բուժանձնակազմը` մեկը բերում է ինչ որ թղթեր ստորագրելու, մյուսը մտնում իր խնդիրների մասին է պատմում, հաջորդը համբերատար սպասում տնօրենին դիմելու իր հերթին: «Քանի որ աշխատասենյակս գտնվում է անմիջապես մուտքի մոտ և դռները գրեթե միշտ բաց են, հետևում եմ ԲԿ-ի ելումուտին, դեպքեր են եղել, երբ նկատել եմ, որ ինչ որ պացիենտ հուզված դուրս եկավ, հետևից գնացել եմ, հարցրել` ինչ է պատահել, ինչով կարող ենք օգնել, առաջին պահին չեն հավատում, որ տնօրենի հետ են խոսում, հետո, երբ հասկանում են, արդեն սկսում են պատմել իրենց խնդիրների մասին, այնպես որ իմ աշխատասենյակի այս ուրույն լոկացիան իր դրական կողմերը ունի»,- կատակում է տնօրենը:     

Գառնիկ Սահակյանը Չարենցավանի ԲԿ-ի երկարամյա տնօրենն է, և ինչպես հավաստեցին մարզային իշխանության ներկայացուցիչները, էֆֆեկտիվ կառավարիչ: Սահակյանին խնդրեցինք պատմել էֆֆեկտիվ մենեջմենթի իր մոտեցումների, ինչպես նաև բուժկենտրոնի գրանցած հաջողությունների և առկա խնդիրների մասին...   

-Չարենցավանի բկ-ի տնօրեն նշանակվել եմ 2007 թվականին, անկեղծ ասած բավական վատ ժառանգություն էի ստացել՝ թե շենքային պայմանների, թե անհրաժեշտ բժշկական սարքավորումների սղության առումով։ Տարիների ընթացքում արել ենք հնարավորը, որպեսզի զարգանանք՝ այսօր շենքը ամբողջությամբ վերանորոգված է, հագեցված անհրաժեշտ գույքով։ Սկզբի տարիներին ամբուլատոր օղակը գտնվում էր առանձին մասնաշենքում, ինչը լրջագույն խնդիրներ էր առաջացնում թե՛ բնակչության սպասարկման, թե՛ տեղաշարժի առումով։ 2018 թվականինն նախաձեռնեցինք հիվանդանոցային մասնաշենքի մի հատվածի կապիտալ վերանորոգում, եւ արդեն 2019-ին ամբուլատոր ծառայությունը տեղափոխեցինք գլխավոր մասնաշենք, ինչը իր արդյունքը տվեց ավելի որակյալ ծառայություններ մատուցելու առումով։

Նշեմ, որ պոլիկլինիկան ոչ միայն վերանորոգվել է, նաև հագեցվել է անհրաժեշտ կաբինետային գույքով եւ սարքավորումներով։ 2019-20թթ․ ձեռք բերեցինք ռենտգեն սարք, բացեցինք գաստրոսկոպիկ կաբինետ: Վիրահատարանը նույնպես արդիականացվեց նոր սարքավորումներով, որի արդյունքում սկսեցինք իրականացնել նաեւ լապարասկոպիկ վիրահատություններ։ Անցած տարի ամբողջովին նորացվեց հիվանդասենյակային գույքը, մի մասն էլ դեռ պատվերի փուլում է, մեկ-երկու ամսից կվերջացնենք: Այս պահին նախատեսում ենք վիրահատարանը հագեցնել մեկ այլ ոչ պակաս կարեւոր սարքավորմամբ, որը հնարավորություն կտա բժիշկներին ավելի մեծ ծավալի ու բարդության վիրահատություններ կատարել։

-Իսկ ի՞նչ միջոցներով են կատարվել այդ աշխատանքները:

-Բացառապես ԲԿ-ի սեփական միջոցներով, տնտեսման շնորհիվ... Միջոցները գոյանում են թե վճարովի ծառայությունների, թե պետպատվերի հաշվին: Նշեմ նաև, որ իմ կառավարման առաջին տարվանից մինչ օրս բկ-ն որեւիցէ լումա պարտք չի կուտակել, եղածը մարվել է և սկսել ենք մեր կարիքները սպասարկել սեփական միջոցներով։

-Կբացահայտե՞ք էֆֆեկտիվ կառավարման Ձեր բանաձևը:

-Գիտեք, ես չեմ կարող ինքս իմ մասին Խոսել, բնականաբար մենեջմենթը շատ մեծ նշանակություն ունի, որովհետև ոչ ճիշտ կառավարման դեպքում առաջանում են պարտքեր եւ խնդիրներ։

-Իսկ հնարավո՞ր է, որ «ոչ ճիշտ կառավարումը» այս պարագայում «ոչ ազնիվ կառավարման» հոմանիշը լինել։

-Չեմ կարող ասել, որովհետեւ այնպես չի, որ ոչ ճիշտ կառավարումը պարտադիր պայմանավորված է ոչ ազնիվ կառավարմամբ։ Կարող է մարդը ազնիվ կառավարի, բայց ոչ արդյունավետ։ Պետք է կարողանաս աշխատես, որ հետո ծախսես, իսկ կատարված ծախսերն էլ պետք է արդյունավետ լինեն:

-Ապագայի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք:

-Առաջիկայում ծրագրում ենք դժվարամատչելի հետազոտությունների պրակտիկան ներդնել, մասնավորապես ձեռք բերել համակարգչային տոմոգրաֆ։ Այդ ամենը պլանավորում ենք պետական աջակցության շրջանակներում։

-Նշեցիք պետական աջակցության մասին...Պետության կողմից որևէ ուշադրություն Ձեր գլխավորած ԲԿ-ի նկատմամբ զգու՞մ եք: 

-Ես ընդհանուր առմամբ միշտ էլ համագործակցել եմ մարզային իշխանությունների հետ, թեպետ մեր խնդիրները աշխատել ենք լուծել ինքնուրույն: Վերջերս էլ ԲԿ էր այցել Կոտայքի ներկայիս մարզպետ Ահարոն Սահակյանը` ու ոչ ձեռնունայն, ԲԿ-ի համար նոր սոնոգրաֆ և էլէկտրոնային կշեռք էր նվեր բերել, վերջինս կողմից միշտ գտնվում ենք ուշադրության կենտրոնում։ Նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից էլ մեծ աջակցություն ենք ստացել կորոնավիրուսային համավարակի օրերին: Բացի այդ 2019 թվականի Կառավարության որոշմամբ մեր բկ-ն հագեցվեց բավական լուրջ սարքավորումներով, ծրագրի մյուս մասի շարունակությունը նոր մասնաշենքի կառուցումն է, որը այս պահին տեխնիկական պատճառներով ժամանակավորապես կասեցված է։

Դրան զուգահեռ նախատեսված է նաեւ վերելակի կառուցում, բակային մասի վերանորոգում։ Եթե այդ աշխատանքները իրականություն դառնան, մեր ԲԿ-ն շատ արագ տեմպերով կզարգանա։ Սակայն մինչ այդ մենք որեւէ ծրագրում ներառված չէինք:

-Լավ խոսենք ԲԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների մասին, ի՞նչ ծառայություններ է այս պահին մատուցում Չարենցավանի ԲԿ-ն:

-Բացի հիմնական ծառայություններից, որ սովորաբար մատուցում են մարզային ԲԿ-երը, մեր կլինիկայում կատարվում են մի շարք նեղ մասնագիտական վիրահատություններ ևս` ինչպես օրինակ անոթային, վնասվածքաբանական, լապարասկոպիկ: Դրանց մի մասը կատարվում է մայրաքաղաքից հրավիրված մասնագետների հետ միասին։

Ունենք նաև պլաստիկ վիրաբուժության ծառայություն: Այս առումով ուրախալի լուր ունեմ հայտնելու` շուտով պլանավորում ենք պլաստիկ վիրահատությունների սպեկտրը մեծացնել, չեմ ուզում առաջ անցնել, բայց հնարավոր է, որ հենց մեր բկ-ում աշխատանքի անցնի արտերկրում մասնագիտացում եւ վերապատրաստում ստացած մասնագետ, ով հմտացած է պլաստիկ վիրահատությունների ասպարեզում։

-Կխոսե՞ք առկա խնդիրների մասին:

-Օրինակ մեզ համար և ենթադրում եմ նաև այլ մարզային ԲԿ-երի համար խնդիր է հղիների արտահոսքը դեպի մայրաքաղաքային բկ-եր։ Տարիների ընթացքում փորձել ենք այդ խնդիրը լուծել, բայց որ ասեմ ամբողջովին ստացվել է՝ կստեմ։ Հիմնական խնդիրները ի սկզբանե շենքային վատ պայմաններն ու սարքավորումների պակասն էին: Սակայն նույնիսկ այդ խնդիրները լուծելուց հետո, ավանդույթը արմատացած մնաց:

Գիտեք, հիմնական խնդիրն այն է, որ հատկապես հիվանդանոցային ծառայությունների մասով մարդկանց մոտ կա տպավորություն, որ նույն ծառայությունները մայրաքաղաքում շատ ավելի որակյալ են մատուցվում։ Անկեղծ լինենք, տարիների ընթացքում, այո, մարզային բկ-ները բավականին տխուր վիճակում էին, բայց վերջին շրջանում կամաց-կամաց դրանք սկսել են զարգանալ:

-Դուք նշեցիք, որ վերջին տարիներին մարզային ԲԿ-երը սկսեցին զարգանալ, հենց Ձեր գլխավորած ԲԿ-ի մասով էլ դա ակնհայտ է, նման մարզակենտրոն քաղաքականությունը իր արդյունքները չի տալի՞ս, եղած կարծրատիպերը չեն կոտրվու՞մ: 

-Անշուշտ այդ ամենը իր պտուղները տալիս է` ունենք պետպատվերի շրջանակներում որոշակի գերակատարումներ, ունենք վճարովի ծառայությունների զգալի աճ։ Վերջին տարիներին ունենք դիմելիության աճ վիրաբուժական և թերապեւտիկ ծառայությունների առումով...

  • Կիսվել: