ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Ձեզ միշտ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերած արժեքները». Ժաննա Անդրեասյանը ներկա եղել Վերջին դասի միջոցառումներին

«Ձեզ միշտ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերած արժեքները». Ժաննա Անդրեասյանը ներկա եղել Վերջին դասի միջոցառումներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց և Կոտայքի մարզի Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին Վերջին դաս միջոցառման կապակցությամբ:

«Բոլորս այսօր լցված ենք սիրո ու ջերմության զգացումներով: Ուզում եմ, որ այդ սերն ու ջերմությունը ձեզ հետ ունենաք կյանքի հետագա բոլոր օրերին. դրանք կօգնեն հաղթահարել դժվարությունները: Ձեզ մեծ ճանապարհ է սպասվում, որի յուրաքանչյուր պահին ձեզ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերված արժեքները: Վստահ եմ՝ բոլորիդ լուսավոր ապագա է սպասվում, և ձեր հաջողությունները կլինեն ոչ միայն անձնական, այլև ի շահ պետության: Կառուցե՛ք ձեր ճանապարհը Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի լինելու գիտակցմամբ: Համոզված եղեք՝ պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին։

Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել ծնողներին ու մանկավարժներին ներդրած ջանքի, կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:

Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցը ճանապարհում է 161, իսկ Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցը՝ 9 շրջանավարտի:

Նշենք, որ 12-րդ դասարանն այս տարի ավարտում են ավելի քան 22.000, իսկ 9-րդ դասարանը՝ շուրջ 39.000 շրջանավարտներ։

  • Կիսվել: