«Դոլմամայի» շենքում բռնկված հրդեհից տուժածներ չկան. Ֆելիքս Ցոլակյան
Կրակը ներքև չի հասել, տուժածներ էլ չկան: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն, ով ներկա էր «Դոլմամա» ռեստորանի ու հարակից շենքի տանիքին բռնկված հրդեհի մեկուսացման ու հրդեհաշիջման աշխատանքներին:
Նախարարը նշեց, որ հրշեջները շատ արագ հասել են դեպքի վայր և կարողացել են կանխել կրակի տարածումը կողքի շենքեր. «Օպերատիվ շտաբի պետն աշխատում է հիմա, մենք չենք խառնվում իր գործերին, ինքն է ղեկավարում հրդեհաշիջման աշխատանքները»:
Ցոլակյանը նշեց, որ դեռ իրեն հայտնի չէ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը. «Միակ բանը, որ գիտեմ, ոնց որ երկրորդ հարկում վերանորոգման պրոցես է եղել»։
Ցոլակյանի խոսքով՝ հրդեհը սկսվել է տանիքից. «Դոլմամայի տանիքի անկյունն էր բռնկվել, որը շատ արագ հանգցրեցին, չթողեցին տարածվել»։
Դիտարկմանը, թե տարածքի բնակիչներն ասում են` միտումնավոր է եղել արված, նախարարն արձագանքեց. «Չեմ կարող ոչինչ ասել, տեղյակ չեմ»։