երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Դեղերի արտաքին գովազդի առաջարկը հետաձգվել է

Դեղերի արտաքին գովազդի առաջարկը հետաձգվել է

«Ներկայումս գործող օրենսդրությամբ արգելվում է դեղերի արտաքին գովազդը, իսկ գովազդի մյուս տեսակները թույլատրվում են»,-ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ ներկայացնելով օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխությունները: Ըստ նրա՝ նման կարգավորման տրամաբանությունը եւ հիմնավորումը բացակայում է, արտաքին գովազդը՝ որպես տեղեկատվության ներկայացման հարթակ, ավելի նեղ շրջանակ է ընդգրկում, քան հեռուստագովազդը, որը թույլատրելի է:

ՀՀ կառավարությունն առաջարկում է թույլատրել նաեւ դեղերի արտաքին գովազդը, որը կապահովի հավասար մրցակցային դաշտ դեղերի գովազդի շուկայում:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ ինքնաբուժությունը լուրջ խնդիր է, որի պատճառով շատ երկրներում արգելվում է դեղերի արտաքին գովազդը: Նա նշել է, որ տնտեսության տեսակետից գուցե ճիշտ է արտաքին գովազդը, սակայն առողջապահական համակարգի տեսակետից՝ անընդունելի: «Եթե տնտեսության այդ ճյուղը խնդիրներ ունի, եւ եկամուտներ չեն կարողանում ստանալ, պետք չէ որպես թույլ օղակ ֆիքսել դեղերը»,- ասել է Նարեկ Զեյնալյանը: Նա առաջարկել է արգելել նաեւ դեղերի հեռուստատեսային գովազդը եւ ստեղծել հավասար մրցակցային պայմաններ:

Հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանն իր ելույթում առաջարկել է օրենքի նախագծին տալ բացասական եզրակացություն եւ ձեռնամուխ լինել հեռարձակվող լրատվամիջոցներով դեղերի գովազդի սահմանափակմանը, ամբողջությամբ վերացմանը, ինչն Առողջապահության նախարարության ուսերից մեծ բեռ կթեթեւացնի:

Քննարկման արդյունքում Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն առաջարկել է օրեսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով՝ լրամշակելու նպատակով, ինչին հանձնաժողովը կողմ է արտահայտվել: 

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Լուսինե Բադալյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը: Գործող օրենքում բուժաշխատողների մասնագիտական զարգացման եւ կատարելագործման ընթացքում նոր տեսական գիտելիքներ եւ գործնական հմտություններ ձեռք բերելու, շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները կազմակերպելու համար բուժաշխատողներն անցնում են որոշակի դասընթացներ, սեմինարներ, գիտական գործունեություն են ծավալում: Ինչպես նաեւ 5 տարվա կտրվածքով բժիշկները պետք է հավաքեն 220 կրեդիտ, իսկ բուժքույրերը՝ 140, ինչի պատճառով նրանք ստիպված են լինում աշխատանքից բացակայել: Կրեդիտները չհավաքելու դեպքում նրանք չեն կարող շարունակել գործունեությունն առողջապահության համակարգում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով իր եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բուժաշխատող-գործատու իրավահարաբերություններում ներդնել աշխատողի աշխատանքային ժամանակահատվածում մասնագիտական զարգացման, հավաստագրման եւ այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ վարձատրման, մասնագիտական գործունեության ստաժի հաշվարկման եւ երաշխավորված աշխատանքային գործունեությունը շարունակելու իրավական հիմքերը:

Հեղինակներն առաջարկում են այդ 220 կրեդիտ հավաքելը բաշխել 5 տարվա մեջ, որպեսզի բուժաշխատողները միանգամից երկարաժամկետ չբացակայեն: Նախագծում ամրագրել են, որ կարող են բացակայել տարեկան 10 օր. բուժհիմնարկը պետք է հսկի իր աշխատողների կրեդիտավորման գործընթացը:

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանի տեղեկացմամբ Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշել է, որ բուժաշխատողները կարող են կրեդիտները ստանալ նաեւ առցանց դասընթացով` առանց բացակայելու, կամ գիտական հոդված գրելով: Ուստի առաջարկում են տարեկան ոչ թե 10 օր բացակայել, այլ՝ 5:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով իրենք հանդիպում են կազմակերպել մեծ ու փոքր բուժհիմնարկների տնօրենների հետ, ու բոլորը, առանց բացառության, ասել են՝ եթե ամիսներ չի տեւելու բացակայությունը, իրենք որեւէ խնդիր չունեն:

Հանձնաժողովը քննարկման արդյունքում դրական եզրակացություն է տվել հեղինակների առաջարկած տարբերակին:

  • Կիսվել: