չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Չնայած պատկան մարմինների խոստումներին՝ Ֆիրդուսի փողոցի հատվածում շինարարական աշխատանքները ընթանում են անդադար և ամբողջ ծավալով

Չնայած պատկան մարմինների խոստումներին՝ Ֆիրդուսի փողոցի հատվածում շինարարական աշխատանքները ընթանում են անդադար և ամբողջ ծավալով

Օրեր առաջ Երևանի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հաղորդագրություն տարածես առ այն, որ Տիգրան Մեծի պողոտայում (Ֆիրդուսի հատված) կառուցվող շենքերից մեկի շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը։

Եվ չնայած մետրոպոլիտենի և քաղաքապետարանի մամուլի պատասխանատուների հավաստիացումներին առ այն, որ նորակառույցի շինաշխատանքները դադարեցվել են, քանի որ շարունակելու պատճառով հնարավոր է ավելի մեծ վնաս պատճառվի մետրոպոլիտենին և շինաշխատանքների հետագա ճակատագիրը կորոշվի  միայն համապատասխան ուսումնասիրություններից հետո, InfoPort.am-ի տեսախցիկը տվյալ շինհրապարակում արձանագրեց բոլորովին այլ պատկեր։ Շինարարական աշխատանքները ընթանում էին ամբողջ ծավալով, առանց կանգ առնելու։

Կայքի թղթակցի հետ զրույցում շինաշխատանքների տեխնիկական գծով պատասխանատուն անգամ անթաքույց զարմացավ  շինարարության ընթացքում «Հանրապետության հրապարակ» կայարանի պատի վնասման հետ կապված հարցադրումներից։ «Ինչ վնասում, որևէ վնասում չի եղել և չէր էլ կարող լինել։ Ինչ եք կարծում, եթե նման բան լիներ, բա մենք կարող էինք շարունակել շինարարությունը, մեզ ով թույլ կտար աշխատանքները շարունակել։ Շինարարությունը կկանգնեցնեին, փորձաքննություն կանեին։ Նման բան չի եղել, ես Ձեզ հավաստիացնում եմ, Ձեր ինֆորմացիան ճշգրտման կարիք ունի»,- պնդեց պատասխանատուն։

Մեր այն դիտարկումները, որ եկել ենք շինհրապարակ պաշտոնական հաղորդագրության հետքերով, և որ շինաշխատանքների ընթացքում «Հանրապետության հրապարակ» կայարանի պատի վնասման մասին ինֆորմացիան պաշտոնապես հաստատել են թե Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը, թե Երևանի քաղաքապետարանը, չհամոզեցին մեր զրուցակցին․ «Ես նման բանից տեղյակ չեմ, նման բան չի եղել և չէր կարող լինել, եթե նման բան լիներ մեզ թույլ չէին տա շարունակել շինարարությունը»։

Նա նաև ցույց տվեց մի լուսանկար, պնդելով, որ դա «Հանրապետության հրապարակ» կայարանի պատի լուսանկարն է։ Պատի վրա երևում էր մի փոքրիկ անցք։ Շինաշխատանքների տեխնիկական գծով պատասխանատուն պնդեց, որ այդ անցքը գոյացել է դեռ տարիներ առաջ, իրենց հետ բոլորովին կապ չունի և շինաշխատանքների ընթացքում այդ անցքից զուտ մի քիչ ավազ ու փոշի է ներթապանցել կայարան։  

Նշենք, որ Ֆիրդուս-Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան փողոցների հատվածում շինաշխատանքներ է իրականացնում «Ջի ԵՄ Դեվելոփեր» ՍՊԸ-ն։

Այսպիսով պարզվում է, որ չնայած Երևանի քաղաքապետարանի խոստումներին առ այն, որ շինաշխատանքները թեկուզ ժամանակավորապես կդադարեցվեն, մինչև համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները պարզ կդառնան, շինարարությունը ընթանում է ամբողջ ծավալով և անխափան։

Նշենք, որ քաղաքապետարանը ընդհանրապես անհետևողական է իր կողմից հնչեցված հայտարարությունները ի կատար ածելու գործում։ Ներկայիս փոխ-քաղաքապետ, իսկ դե-ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս շեշտել է Երևանի կանաչապատման անհրաժեշտությունը, առկա կանաչ տարածքների ոչնչացման, դրանց փոխարեն շինարարություն սկսելու անթույլատրելիությունը։ Հանդես է եկել Երևանի բակերը երևանցիներին վերադարձնելու խոստումով։ Ի հեճուկս դրան՝ Երևանի կենտրոն համայնքի Երվանդ Քոչար փողոցի 17-19 շենքերի բակային կանաչապատ տարածքը, ինչպես նաև փողոցի գազոնը բազմամյա ծառերով «բարեհաջող» ոչնչացվեցին, հենց այդ խոստումների ֆոնին այդ տարածքներում ընթանում է բուռն շինարարություն՝ ի դեպ շինարարական նորմերի խախտումներով, այդ ամենին քաջատեղյակ է «պայծառ ապագայի» խոստումների սիրահար փոխ-քաղաքապետը, սակայն որևիցե գործողությունն չի կատարում գոնե այս հատվածում իր տված խոստումները իրագործելու հարցում։ 

             

  • Կիսվել: