հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Չենք կարող մեր մարզումները դադարեցնել, մրցումների ենք. «Օլիմպավան»-ի մարզիչը երեխաների պարապմունքը դրսում է անցկացնում

Չենք կարող մեր մարզումները դադարեցնել, մրցումների ենք. «Օլիմպավան»-ի մարզիչը երեխաների պարապմունքը դրսում է անցկացնում

Մենք չենք կարող մեր մարզումները դադարեցնել: Ճիշտ է՝ ընկերներ կան, հրավիրում են իրենց դահլիճ, բայց տարածքային հեռու է: Այս մասին «Օլիմպավան»-ի բակում ասել է MMA մարտարվեստի մարզիչ Էրիկ Օհանյանը, ով դրսում, երեխաների հետ պարապմունքներ է իրականացնում:

Նա նշել է, որ իրենց աջակցում են, ուրիշ դահլիճում էլ են մարզվում ժամանակավոր, նաև ծնողների կողմից կա աջակցություն: Այն վիճակն է, որ երեխաներին մարզումներ են պետք, որովհետև պատրաստվում են առաջիկա՝ ամսի 26-ին կայանալիք մրցաշարին։

«107 հոգին են, որից 20-ն է կարողանում գալ, օրինակ, Լենինգրադյանի դահլիճը, մնացածը չեն կարողանում: Ի՞նչ անեմ, դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցում, ոչ մի բան:

Ոնց հասկանում եմ՝ այս ամենը երկար է տևելու, ամենաքիչը մի երկու ամիս, իսկ երկու ամիսը մեր համար շատ է: Մրցումներից հետո անպայման պետք է արձակուրդ տանք ու ու չգիտեմ՝ վաղն ինչ կլինի»,- ասել է Էրիկ Օհանյանը։

Լրագրողի հարցին՝ այդ ընթացքում երեխաների մարզավիճակը չի՞ տուժի, նա պատասխանել է՝ վստահաբար կտուժի:

«Լավ սաներ, լավ արդյունքներ ենք տալիս, բայց հիմա, դադարելուց հետո միանշանակ այդպես է, միանգամից կանգնելու են:

Երեխաները, որ վաղը, մյուս օրը դուրս գան այստեղից, գնան ուրիշ տեղ մարզվելու, ես չեմ զարմանա, ուղղակի Դավթաշենի տարածքում սա մեծ բան էր, որ երեխաները կարողանում էին գալ միայնակ, հիմա ո՞նց երեխային ծնողն ուղարկի Լենինգրադյան, Երազ թաղամաս, կամ ինչ-որ մի տեղ, չի կարող: Մենք թուլացնում ենք մեր ազգին»,-նշել է մարզիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ գործարար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից ի վեր կապարակնքված են նաև ՀԱՕԿ-ի և ՀԱՕԿ-ի մարզաբազա «Օլիմպավան» կենտրոնի դռները:

  • Կիսվել: