Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով. Վեհափառ Հայրապետ
Հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, բարեփոխվելու աշխարհը։ Աշխարհի խառնաշփոթում թվում է՝ խլացել են Առաքյալի հորդորն ու ավետարանական պատվիրանները, Աստծո արարաչագործությունն անարգվում ու վտանգվում է չարագործություններով ու անիրավություններով։ Այս մասին Մայր Աթոռում մատուցված Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագի իր խոսքում ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը։
«Մեր ժողովուրդը լավագույնս գիտի խաղաղության և անվտանգության արժեքը։
Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։
Ցավը խորանում է, երբ անտեսվում և խեղաթյուրվում են նվիրական արժեքները, գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են գործադրվում եկեղեցու նկատմամբ»։
Նա նշել է, որ Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր ու աներեր։


