շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ցանկացած բուժհիմնարկ կամ բուժաշխատող, ով ներգրավված է ապօրինի սխեմաների մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվի. Արսեն Թորոսյան

Ցանկացած բուժհիմնարկ կամ բուժաշխատող, ով ներգրավված է ապօրինի սխեմաների մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվի. Արսեն Թորոսյան

Օրինականության հաստատումը պետք է լինի բոլոր ոլորտներում և կառավարության ջանքերը այս ուղղությամբ անբեկանելի են՝ հատկապես նման նուրբ և երեխաների իրավունքներին վերաբերող ոլորտում, որտեղ առավել ուշադիր պետք է լինենք երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

«Ցանկացած բուժհիմնարկ կամ բուժաշխատող, ով ներգրավված է եղել կամ այսուհետ կլինի նման ապօրինի սխեմաների մեջ պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ ուժով։ Շնորհակալ եմ ԱԱԾ-ին այս կծիկը քանդելու համար, վստահ եմ ամեն ինչ մինչև վերջ կբացահայտվի»։

Այսօր ավելի վաղ հայտնել ենք, որ ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր:

ԱԱԾ հայտարարության մեջ ասվել է.«Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:

Դրա համար մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներով օժտված մի շարք ծառայողներ, ըստ նախնական համաձայնության, ուղղակի դիտավորությամբ՝ շահադիտական դրդումներով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն, ընդ որում՝ որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալուց։ Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ ուղեկցվող բժշկական փաստաթղթերով,  տեղափոխվել են մանկատներ: Նշված հաստատությունների պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բժշկական փաստաթղթերում ծննդատան կողմից նշված մտացածին ախտորոշումների օգտագործմամբ, խախտել են ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ անուղղակի խոչընդոտելով նրանց որդեգրումը ՀՀ քաղաքացիների կողմից։ 

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն»։

 

  • Կիսվել: