Բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետք է տեղ չունենա. Կոնջորյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցածի մասին
Դատապարտում եմ ֆիզիկական բռնությունը, դատապարտում եմ վերբալ բռնությունը, դատապարտում եմ հոգեբանական բռնությունը, ես դատապարտում եմ բոլոր տեսակի բռնությունները: Դատապարտել եմ այն ժամանակ, դատապարտում եմ հիմա և դատապարտելու եմ նաև ապագայում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակում վարույթներ են նախաձեռնվել:
«Համոզմունք ունեմ, որ ընդհանրապես բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետք է տեղ չունենա: Մնացածը քաղաքական պատասխանատվության մաս է:
Ամեն դեպքում Նոր Նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, կարծում եմ՝ դա իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է, նաև քաղաքապետարանի քաղաքական պատասխանատվության տիրույթում է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում ծեծկռտուք էր տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։