Բեռնատարների դիզվառելիքի թանկացման հարցը կքննարկի հայ-իրանական մասնագիտական խումբը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Իրանի մասնագիտական խմբերը կհանդիպեն ու կքննարկեն տրանսպորտային փոխադրումներին առնչվող հարցերի ամբողջ համալիրը և կփորձեն փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն՝ պատասխանելով դիզվառելիքի թանկացման վերաբերյալ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավեի վաղ, հայկական բեռնատարների վարորդները փակել են դեպի «Ագարակ» անցակետ տանող ճանապարհը։ Գործող կանոնների համաձայն՝ հայկական բեռնատարները Իրան են մտնում դատարկ բաքերով, որոնք վերադարձին պետք է լիցքավորված լինեն։ Այս կարգավորումը գործել է տարիներ շարունակ, բայց վերջին ժամանակաշրջանում մաքսատանը վառելիքի գինը կտրուկ բարձրացել է, ինչն էլ առաջացրել է հայաստանյան բեռնափոխադրողների դժգոհությունը։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը նշված խնդիրը մի քանի անգամ բարձրացրել է իրանական կողմի հետ տարբեր քննարկումների ընթացքում:
«Փետրվարի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և ԻԻՀ ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի, ինչպես նաև վերջինիս տեղակալի հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում իրանցի գործընկերոջ ուշադրությունը կրկին հրավիրվել է հարցի վրա»,-հայտնում է ԱԳՆ-ն։
Հիշեցնենք` իրանական մաքսակետում օտարերկրյա պետհամարանիշներով բեռնատարների դիզվառելիքի գների վերջին կտրուկ աճը լուրջ խնդիր է դարձել հայ վարորդների համար։
2024–ի նոյեմբերին հարցը քննարկել էին երկու երկրների արտգործնախարարները։