կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Բա էդքան սրտացավությունը վարորդների նկատմամբ ո՞ւր էր. դա քաղաքական շահ է, որը պատիվ չի բերում. փոխքաղաքապետ

Բա էդքան սրտացավությունը վարորդների նկատմամբ ո՞ւր էր. դա քաղաքական շահ է, որը պատիվ չի բերում. փոխքաղաքապետ

Փառք Աստծո, ավտոբուսի դանակահարված վարորդի հետ ամեն ինչ նորմալ է, արդեն տանն է, այսինքն տևական բժշկական հսկողության տակ գտնվելու անհրաժեշտություն չի եղել։ Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Սա չի չեղարկում այն փաստը, որ դա շատ զարհուրելի, անընդունելի դեպք է, իրավապահները պետք է գործեն»,–ասաց նա։

Դիտարկմանը վարորդների հետ միջադեպերն ավելացել են այն բանից հետո, երբ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ վարորդները պտք է ակտիվ աջակցեն ուղեվարձի հավաքագրմանը, փոխքաղաքապետն ասաց. «ես այդպես չեմ համարում։ Հիմա ապրիլ ամիսն է, հունվարից սկսած այդպիսի ամիս չի եղել, որ մենք ծեծկռտուքի միջադեպ, մասնավորապես վարորդին ծեծի ենթարկելու դեպք չունենանք։ Բա այդ ժամանակ ինչի՞ց էր, այդ ժամանակ էլ հո քաղաքապետը չէ՞ր հայտարարել, որ պետք է ուղեվարձի հավաքագրմանը վարորդները մասնակցեն։

Սա ոչ թե պրևենտիվ քայլ է, այլ փաստացի արձագանքն է քաղաքային իշխանության նրան, որ աննորմալ թվերի էր հասել չվճարումները հանրային տրանսպորտում։ Դրա ֆոնին ոչ մեկ չէր ասելու, դե գիտեք, քանի որ ժողովուրդը չի վճարում, նորմալ է, որ մեր հանրային տրանսպորտը գնալով չի բարելավվում։ Հիմա քաղաքը բնականաբար գործողություններ է կատարում, որպեսզի գումարի ներհոսքը ապահովվի, և դա արդեն ապահովվում է»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է ավագանու ընդդիմադիր անդամների արձագանգին, Սուրեն Գրիգորյանն ասաց. «Ես, իհարկե, գնահատում եմ, որ, այնուամենայնիվ, դատապարտող ելույթներ հնչեցին ավագանու ընդդիմադիր գործընկերներից, բայց այդ երևույթը անընդհատ կա մեր հանրային տրանսպորտում, բա այդքան սրտացավությունը վարորդների նկատմամբ ու՞ր էր մինչև այս։ Ես չեմ հավատում, որ դա սրտացավություն է վարորդների նկատմամբ, որովհետև այդ սրտացավությունը համեմված է քաղաքական շահով,  քաղաքական դիվիդենտներ հավաքելու ցանկությամբ, ինչը ընդհանրապես պատիվ չի բերում այդ մարդկանց։

Երբ օրինական պահանջ է հնչում, որ պետք է ուղևորը ուղեվարձը վճարի և դրան ի պատասխան մարդը բռնությամբ է պատասխանում, այդտեղ միանշանակ է, ով է մեղավոր։ Միանշանակ պետք է դատապարտվի բռնությունը՝ առանց «բայց»–երի»։

  • Կիսվել: