Այստեղ ներկաներից քանի՞ պաշտոնյայի վարորդ է, որ չի պահպանում անվտանգության գոտի կապելու կանոնը. Արսեն Թորոսյան
«Այստեղ ներկաներից քանի՞ պաշտոնյայի վարորդ է, որ չի պահպանում անվտանգության գոտի կապելու կանոնը»,- ԱԺ-ում ՆԳՆ փոխնախարարի հետ 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում հարց տվեց ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Օրինակ Ձեր վարորդը տիկին Սարգսյան՝ կապու՞մ է ամրագոտի. ինձ թվում է մեզնից պետք է սկսենք մեզնից առնվազն, որովհետեւ չկա այդտեղ արդարացում», - ասաց նա։
Թորոսյանը հարց տվեց՝ եթե այդքան շատ արձանագրություն է կազմվում, ապա ինչու ամեն երկրորդը չի ամրակապվում․«Ուրեմն, ակտ կազմելը քիչ է, պետք է շատացնել, գինն էլ, միգուցե, ավելացնել»։
Ըստ նրա՝ միայն տեսանկարահանող սարքերը չեն լուծելու ամրակապման խնդիրը։
Նա առաջարկեց, որ հենց վաղը կարելի է գնալ ու այս թեմայով քննարկում անել․«Ասեք հարգելի վարորդներ, մի շաբաթ ձեզ ժամանակ ենք տալիս, ոնց որ արեցիք թաղանթների դեպքում, մի շաբաթից լինելու է խիստ վարչարարություն ու այդ խիստի կարիքն էլ չի լինելու, որովեհտև բոլորը դա լսելով սկսելու են կապել, ոչ փող է պետք լինելու ծախսել, որ գիտահետազոտական հայտնագործություններ է պետք է անել»։
Խոսելով քարսիթների կիրառման մասին՝ նա նշեց․«Ասում եք՝ քարսիթը սոցիալական խնդիր է՝ 20 հազար դրամով կարելի է առնել քարսիթ։ Ես կզարմանամ, որ մի վարորդ իմանալով, որ իրենց վաղը կտուգանեն դա չառնելու համար, այդ 20 հազար դրամ ծախսը չանի, այն դեպքում, երբ վարորդների ճնշող մեծամասնությունը այդ 20 հազարով իրենց մեքենաները կթաղանթապատեին, չկա այդտեղ որևէ արդարացում, խնդրում եմ Ձեզ, գոնե Դուք այդպիսի պատրվակներ մի բերեք»։