չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Այսօր հայրերի օրն է. պարզ է մեզ ոչ ոք ծաղիկ և նվեր չի տալու. Ալեն Սիմոնյանի տրամադրությունն այսօր լավ է

Այսօր հայրերի օրն է. պարզ է մեզ ոչ ոք ծաղիկ և նվեր չի տալու. Ալեն Սիմոնյանի տրամադրությունն այսօր լավ է

Ազգային ժողովն իր այսօրվա՝ հունիսի 17–ի նիստը առավոտյան չկարողացավ ժամանակին սկսել, քանի որ քվորում չկար, գրանցվել էր ընդամենը 50 պատգամավոր։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ օգտվելով առիթից շնորհավորեց ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Բաբայանին ծննդյան կապակցությամբ, ապա հավելեփց.

«Հարգելի պատգամավորներ, ինձ նաև հուշեցին, մասնավորապես տիկին Բաթոյանը որպես օրենքի հեղինակ, որ այսօր նաև հայրերի օրն է։ Պարզ է մեզ ոչ ոք ծաղիկ և նվեր չի տալու այս օրվա կապակցությամբ և չի շնորհավորելու։ Այնուամենայնիվ, շնորհավորենք նաև հայրերի օրվա կապակցությամբ»։

Տեղից ՔՊ–ական պատգամավոր ՍԻսակ Գաբրիելյանն ինչ–որ բան էր ասում, ինչին ԱԺ նախագահը հարցով արձագանքեց. «Պարոն Գաբրիելյան, դուք էլ եք համահեղինա՞կ»։ Տեղից պատգամավորներից մեկը կատակով ասաց. «Չէ, ինքը հայր է»։

«Տեսնո՞ւմ եք, ընդդիմությունը չկա, ինչ ուրախ և սիրո և համերաշխության մթնոլորտում են անցնում մեր նիստերը»,–ասաց Ալեն Սիմոնյանը։

Այնուհետեւ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ սպասում ենք մինչև ևս երկու պատգամավոր միանա և քվորում ապահովվի, որ սկսեն իրենց աշխատանքը։

Ի վերջո, ևս երկու պատգամավոր մտավ դահլիճ և խորհրդարանը սկսեց իր աշխատանքը։

  • Կիսվել: