ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Այս պահին ունենք 444 ծանր, 131 ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիներ. Թորոսյան

Այս պահին ունենք 444 ծանր, 131 ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիներ. Թորոսյան

Վերլուծությունները ցույց են տվել, որ շատ մեծ կուտակումների կան մոտ հասցեների ու նույն փողոցում եղած դեպքերի։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում մեծ հնարավորություն ունենք վերահսկել դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության պահումը, իսկ բակերում շատ դժվար է և չեմ պատկերացնում այլ գործիք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը։ Հաճախ ասում են՝ ինչու եք պարտադրում, որ փողոցում դիմակ կրեն, դա այնքան էլ չի պաշտպանում, բայց մենք ապացուցել ենք, որ պաշտպանում է  նաև այլ երկրների փորձով։ Երբ նայում ենք զրուցարանում նարդի խաղացող մեր քաղաքացիներին, միայն դիմակն է, որ իրենց պաշտպանելու է միմյանց վարակելուց: Ակնհայտ է, որ մենք մյուս առումներով ավելի լավ ենք, բայց վատ ենք այդ հատվածում»,- ասաց նա։

Նախարարը նաև հիշեցրեց, որ սգո արարողությունները, նույնիսկ տներում շատ մեծ վտանգ են ներկայացնում դրանց մասնակիցների նկատմամբ։ «Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք նման անտարբերություն ցուցաբերել մեր ծնողների, մեր հյուրերի ծնողների, հարազատների նկատմամբ։ Մահացող քաղաքացիների տարիքասեռային կազմը ցույց  է տալիս, որ մահացողը կարող է լինել ցանկացած մեկիս հարազատը: Մահացողը կարող է լինել ցանկացածիս ծնողը, իմ ծնողը, իմ տատիկն ու պապիկը, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ»,- նշեց նա։

Անդրադառնալով թվերին Արսեն Թորոսյանն ասաց, որ առավոտյան դրությամբ 143 հոգի կարիք ունի հոսպիտալիզացիայի, որից 25-ը գտնվում են տանը։

«Նրանցից 9-ը թեթև ծանրության են, բայց կարիք ունեն հոսպիտալիզացիայի, 16-ը՝ միջին ծանրության են։ Բարեբախտաբար, 80 և ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ, որոնք համարվում են ծանր, չունենք այս պահին տանը։ Սակայն, ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ նեղ մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում չի իրականացվում եւ կարիք ունեն տեղափոխման ուղղվածությամբ հիվանդանոցներ։ Այս թիվը օրվա ընթացքում տատանվում է, վերջին օրերին ունեցել ենք մինչև 200 կամ քիչ։ Բայց նվազելու միտում չկա»,- ընդգծեց նախարարը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ թեև միտումների առումով դրական տեղաշարժ կա, սակայն բացարձակ թվերի առումով վիճակը լավ չէ և դա լուրջ խնդիր է:

Նախարարն անդրադարձավ մահճակալային տեղերի ավելացման մասին. «Մենք արդեն ունենք 263 ռեանիմացիոն մահճակալ ունենք, որ տրամադրած է միայն կորոնավիրուսին, երկու շաբաթ առաջ դրանք 200 էին, բայց, միևնույն է, ազատ տեղեր պրակտիկորենչկան։ Իրենք շատ արագ են ծանրաբեռնվում և մեր բժիշկները արագ փորձում են մի թեթև ծանրացող քաղաքացուն տանեն ռեանիմացիոն բաժանմունք, որպեսզի կանխարգելեն վատացումը։

Այս պահին ունենք 444 ծանր, 131՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, որից 39-ը՝ թոքերի արհեստաական օդափոխության սարքերի վրա են»,- հայտնեց Արսեն Թորոսյանը:

Նա նաև ասաց, որ արդեն հիվանդներ են ընդունում Վեդու և Դիլիջանի հիվանդանոցները, նախապատրաստվում են Մարտունու և Սպիտակի բժշկական կենտրոնները:

  • Կիսվել: