շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Այս պահին ծանր դեպքեր չկան. Պացիենտների վիճակը բավարար է կամ միջին ծանրության. ԱՆ-ն՝ Բյուրեղավանի դեպքերի մասին

Այս պահին ծանր դեպքեր չկան. Պացիենտների վիճակը բավարար է կամ միջին ծանրության. ԱՆ-ն՝ Բյուրեղավանի դեպքերի մասին

Բյուրեղավանում երեկվանից գրանցվել են շտապօգնության կանչեր՝ ընդհանուր թուլություն, ջերմություն, փսխում գանգատներով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Առողջապահության նախարարությունից։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները շտապ կերպով իրականացրել են համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում։ Դրանց արդյունքը լրացուցիչ կհայտնենք, լաբորատոր հետազոտություններից հետո։

Այս պահին ծանր դեպքեր չունենք, ունենք հոսպիտալացվածներ Աբովյանի բժշկական կենտրոնը, առողջական վիճակները հիմնականում բավարար է և միջին ծանրության, բարդություններ չկան։

Այս պահի դրությամբ հիվանդանոցում 5 անձ է, բայց այս թիվը կարող է ավելանալ,  քանի որ, կարող է ջերմությամբ կամ այլ ախտանշաններով մարդկանց բերեն»,–ասել են նախարարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապօգնության ծառայություն հետևյալ գանգատներով՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։

Քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Արմեն Վարդումյանը նշել է, որ երեկ երեկոյան՝ ժամը 19-20:00-ից սկսած, եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Երեկոյան ժամը 22-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, իրավիճակի մասին հայտնել են «Հիվանդությունների վերահսկողության հանրապետական կենտրոն»:

Ամբողջ գիշեր շարունակվել են կանչերը մինչև առավոտ և այժմ էլ շարունակվում են: Առավոտից սկսած՝ քաղաքապետարանի ղեկավարությամբ բոլոր կազմակերպությունները տեղակացված են եղել՝ սկսած «Վեոլիա Ջրից» մինչև արտակարգ իրավիճակների վարչություն»,- ասաց նա՝ նշելով, որ տարբեր հասցեներում արդեն ջրից նմուշառումներ են արվել և սպասում են պատասխանի: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ևս ստուգումներ է իրականացնում:

Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է, կան նաև հոսպիտալացվածներ: Ոչ դրական դինամիկա ունեցող քաղաքացիներից 8-ն են հոսպիտալացվել»,–ասել է նա։

  • Կիսվել: