ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետից, նախարարից, վարչապետից. դասակի հրամանատար

Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետից, նախարարից, վարչապետից. դասակի հրամանատար

Ծնողներից մեկը եկել որդուն էր փնտրում, ասեց՝ ո՞ւր է տղես, չկարողացա պատասխանել, արդեն 6-րդ ծնողն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքում Ազատ գյուղում գտնվող զորամասում հրդեհից զոհված զինծառայողների դասակի հրամանատարը:

Նրա խոսքով՝ կացարանում եղել է 21 մարդ. 15-ը մահացել են, երեքը վիրավոր են, որոնցից մեկը՝ սպա, 4-ն էլ եղել են դրսում:

Անդրադառնալով այսօր կառավարության նիստում առաջ քաշված վարկածին, որ սպան փորձել է բենզինով վառել վառարանը, հետո ինքը սկսել է այրվել, ու 5 լիտրանոց տարան նետել է կացարանի կողմը, հրամանատարն ասաց.

«Դա միայն վարկած է, ես չեմ կարող ասել, դա միայն քննչական մարմիններից կարող եք ճշտել։ Ո՞վ է ենթադրում, զոհերի թիվը շատ է, ավելի լավ է վարկածներով չխոսենք: Ես ունեմ իմ սուբյեկտիվ վարկածները, որ ես չեմ կարող բարձրաձայնել: Սա այդ դեպքը չի: Եթե կա մահ, ես չեմ կարող իմ մեջ ստեղծել վարկած ու դա բարձրաձայնել: Վառարանը միշտ էլ վառված է եղել, երեւի կրակը թեժացնելու համար է կիրառվել բենզինը, եթե ելնենք այդ վարկածից: Հիմնականում ջեռուցելու համար օգտագործում ենք ցախ, քարածուխ, գյուղում գազ չկա: Թղթով են հիմնականում վառել։

Զինվորականության ոլորտում որ ասում են բարդակ, դա գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ: Սրանից հետո ինձ ինչ ուզում է՝ թող անեն, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրքում, որովհետեւ ծնողներին պատասխան, որ չես կարողանում տալ, դրանից վատ բան չկա»:

Ըստ նրա՝ Պետք է քննությունը մինչեւ վերջ տարվի եւ մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ․ «Այս բարդակի պատասխանուն բոլորս ենք, այդ թվում դուք, ես որպես սպա, երրորդը, որպես պայմանագրային ենթասպա եւ այլն։

Կա վաշտի հրամանատար, ծառայության պետ, որոնք  ավելի շատ պատասխանատվություն են կրում այս իրավիճակում: Նրանք Ռազմական ոստիկանությունում են, ես չեմ հարցաքննվել»:

  • Կիսվել: