կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Այո, ազգային գաղափարախոսություն պետք է և դա համահայկականությունն է. Նիկոլ Փաշինյանը՝ Մխիթարյան Միաբանությունում

Այո, ազգային գաղափարախոսություն պետք է և դա համահայկականությունն է. Նիկոլ Փաշինյանը՝ Մխիթարյան Միաբանությունում

Սփյուռքի հետ հարաբերություններում ամենամեծ խնդիրը հետևյալն է՝ որ շրջանակն է, որ ունի լիազորություն ներկայացնելու Սփյուռքը և խոսելու Սփյուռքի անունից, այսօր այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը շատ է ցանկանում շատ հարցերի շուրջ խորհրդակցել Սփյուռքի հետ, բայց Սփյուռքում կառույցները շատ են ու այդ գործն անհնար է դառնում:

«Հետեւաբար, մեր խնդիրն է ունենալ այնպիսի մի կառույց, որը կունենա լեգիտիմություն, որի հետ խոսելով կասենք, որ խորհրդակցեցինք Սփյուռքի հետ», -հավելեց Փաշինյանը: Նա նկատեց, որ նորաստեղծ Սփյուռքի հանձնակատարի գրասնեյակի ու դրա ղեկավար Զարեհ Սինանյանի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկըՍփյուռքում հնարավորինս լայն շրջանակի հետ խորհրդակցելն է:

«Պետք է ձևավորենք այդպիսի մի կառույց, որը ինստիտուցիոնալ նոր մակարդակի վրա դնի Հայաստան-Սփյուռք հարաբերությունները»,-ասել է նա: Մյուս խնդիրը, որ ձևակերպել է վարչապետը Մխիթարյան Միաբանությունում, այն է, որ աշխարհի բոլոր հայերը ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հատկապես այն դեպքում, երբ երկքաղաքացիությունը թույլատրված է մեր օրենսդրությանբ: Ավելին, ըստ վարչապետի, Հայաստանը պետք է դառնա հայկական կյանքի առանցքը և լինի համայն հայության շահերի արտահայտիչը:

«Երրորդ հանրապետության պատմության մեջ անընդհատ այդ բանավեճը եղել է՝ մի մասն ասել է՝ ազգային գաղափարախոսություն պետք է, մյուս մասն ասել է՝ պետք չէ: Կամ եղել են տարբեր խմբեր, որոնք ազգային գաղափարախոսություն ասելով հասկացել են տարբեր բաներ: Մենք համարում ենք, որ այո, ազգային գաղափարախոսություն պետք է և համահայկականությունն է ազգային գաղափարախոսությունը, որ յուրաքանչյուր հայ աշխարհում, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, պարտադիր պետք է ապրի Հայաստանով: Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է ունենա լեգիտիմություն խոսելու համայն հայության անունից»,-հայտարարել է ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: