հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Այն անձը, ով իր երկրի ու Եկեղեցու պատմությանից պատառիկներ գիտի, ապագա չունի. Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ

Այն անձը, ով իր երկրի ու Եկեղեցու պատմությանից պատառիկներ գիտի, ապագա չունի. Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ

Հուլիսի 1-ին Միածնաէջ Մայր Տաճարում հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության, նեղյալների մխիթարության համար Սուրբ և Անմահ Սուրբ Պատարագ է մատուցել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Իր քարոզում Սրբազան Հայրը, հիշեցնելով սուրբգրային «Որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում» (Ծննդոց 16․8) հարցադրումը, ընդգծել է, որ այն ուղղված է յուրաքանչյուրին և ողջ մարդկությանը։ Գրիգոր Սրբազանն ընդգծել է, որ այդ հարցի պատասխանը գտնելու համար պետք է քայլել դեպի Հիսուս Քրիստոս, որպեսզի ճանաչելով աստվածային ճշմարտությունը՝ զղջումով ու ապաշխարությամբ վերագտնեք մեր իրական կոչումն ու առաքելությունը։

Պատարագիչ Սրբազանը նկատել է, որ հնչեցված հարցն արդիական է նաև այսօր, մանավանդ մեր երկրի համար այս փոթորկալի օրերին։

«Յուրաքաչյուր հայ, եթե ծանոթ է իր երկրի ու Եկեղեցու պատմությանը, վստահ կարող է ասել, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում։ Իսկ այն անձը, ով ընդամենն այդ պատմությունից պատառիկներ գիտի, ապագա չունի, որովհետև անցյալն իմանալով է, որ պիտի կառուցես ապագան, անցյալների սխալները տեսնելով է, որ պիտի փոխես ներկան և ապագայում սխալներ չգործես։ Իսկ ու՞ր ենք մենք այսօր։ Ազգովի կարծես այն իրավիճակի մեջ ենք, որ չգիտենք՝ որտեղի՞ց եկանք, ինչպե՞ս հայտնվեցինք այս օրհնաբեր հողի վրա և ու՞ր ենք գնում», - ասել է Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը՝ հորդորելով ներկաներին առաջնորդվելու ազգային ինքնության գիտակցությամբ լուսավորված ճանապարհով։

Այնուհետև Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալները մասնավոր աղոթք են բարձրացրել ապօրինաբար ազատազրկված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի, բոլոր նեղյալների ու գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ և բարօր կյանքի համար։

 

  • Կիսվել: