Այդ հարցը մեզ շատ է մտահոգում. Սվաջյանը՝ Մխչյանի դպրոցում աշակերտներին թմրանյութ տալու դեպքի մասին
Բոլոր դեպքերն ուսումնասիրվում են թե մեր, թե լիազոր մարմինների կողմից։ Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը՝ անդրադառնալով Մխչյանի դպրոցում տեղի ունեցած դեպքին, երբ, ըստ գյուղի բնակիչների, բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել։
«Մեզ դպրոցականների շրջանում թմրանյութերի կիրառման, շրջանառության հարցը շատ է մտահոգում։ ՆԳՆ մեր գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք մի քանի գործիքակազմեր, որոնք կարող են օգնել դպրոցներում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնենք»,- ասաց Ա.Սվաջյանը։
Որպես գործիքակազմերից մեկը, նա նշեց, որ նախատեսվում է ավագ և 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրել։
Հիշեցնենք, որ oragir.news կայքը գրել էր, որ Մխչյանի բնակիչները պատմել են, որ օրեր առաջ գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ. բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
Այս դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ):