Ավտովթար Լոռու մարզում․ «Hyundai»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել դաշտում․ պապ ու թոռ տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 71-ամյա Զոհրաբ Թ․-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մոտ 150 մետր առաջ ընթացել և կիսակողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Զոհրաբ Թ․-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 11-ամյա Զոհրաբ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը պապ ու թոռ են։