Ավտոբուսի վթարից վիրավորված 11 հոգուց 8–ը դուրս են գրվել, 3–րը դեռ հիվանդանոցում են. նրանց վիճակը բավարար է
Աճառյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 11 քաղաքացիներից 7-ը տեղափոխվել էին «Երևան» ԲԿ: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո բոլորը դուրս են գրվել։ Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:
Վթարի հետևանքով տուժած մյուս 4 քաղաքացիները «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել: Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ քաղաքացիներից մեկը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, մյուս երեքը շարունակում են գտնվել հիվանդանոցում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են մի մասը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մի մասն էլ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ։
Վթարի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոբուսի սեփականատիրոջ վարորդի և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում իսկ բոլոր վիրավորները օտարերկրացիներ են։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։



