շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ավարտվել է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Ավարտվել է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Մայիսի 16-ին շարունակվել է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը:

Ֆինանսների նխարարության հաղորդմամբ՝ համաժողովի երրորդ օրը մեկնարկել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հանդիպումով Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) պատվիրակության հետ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերի գլխավորությամբ:

«Կողմերը քննարկել են ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը, ջրային, հողային և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացման հեռանկարները և այլ հարցեր:

Հանդիպման ավարտին կնքվել է 2024-2027թթ. համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից՝ գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է անցկացրել ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) պատվիրակության հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ենթակառուցվածքների ոլորտում:

Նախարար Հովհաննիսյանը հանդիպել է նաև Նիդերլանդների Թագավորության պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են երկու նախարարությունների միջև ընթացիկ համագործակցությանը վերաբերող հարցեր:  Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը Գլոբալ արտոնյալության հիմնադրամի շրջանակներում, մասնավորապես՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը: Նիդերլանդների ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգն իր հերթին բարձր է գնահատել ՎԶԵԲ տարեկան համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը:

ՀՀ ֆինանսների նախարարը հաջորդիվ հանդիպում է անցկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակության հետ՝ ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի օգնական Ալեքսիա Լաթորթյուի գլխավորությամբ: Կողմերն անդրադարձել են պետական ֆինանսների կառավարման ոլորտում համագործակցությանը, պետական գնումներին և այլ հարցերի»,- նշվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: