շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Աշոտ Խոեցյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Աշոտ Խոեցյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Այսօր Մանկավարժական համալսարանում կայացավ ռեկտորատի ընդլայնված նիստ, որին ներկա էին նաև Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն, Արդարադատության նախարարի հրամանով վերջերս ձևավորվել է 3 հոգանոց ժամանակավոր խորհուրդ, որն էլ նշանակեց ՀՊՄՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին:

Պաշտոնակատարը աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանն է։ Վերջինս նաև բուհի Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատարն էր։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նորանշանակ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին, ընդգծեց վերջինիս պրոֆեսիոնալիզմն ու սկզբունքայնությունը` հույս հայտնելով, որ նրա շնորհիվ իր ղեկավարծ ոլորտում կլուծվեն մի շարք խնդիրներ:

Աշոտ Խոեցյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ներկայացրեց բուհի կրթական զարգացման ու առաջիկա գործունեության իր տեսլականը:

ԵՊՀ-ում 28, ՀՊՄՀ-ում 8 տարի աշխատած, դեկանի և ամբիոնի վարիչ պաշտոններ զբաղեցրած, միջազգային հեղինակավոր կազմակերպություններին անդամակցող և բազմաթիվ հրապարակումների հեղիանակ աշխարհագրագետ-գիտնականն իր ելույթում կարևորեց Մանկավարժականում ձևավորված մարդկային փոխհահարբերությունների, ինչպես նաև նախկին ղեկավարի օրոք ձևավորված բարեխիղճ աշխատանքի, բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանումն ու փոխանցումը:

Աշոտ Խոեցյանը նկատեց՝ պետք է քայլել համաշխարհային զարգացումներին համընթաց՝ միաժամանակ դիմակայելով դարի և կրթության ոլորտի մարտահրավերներին.«Հետագա քայլերը պահանջելու են ժամանակ, աշխատակազմի հետ միասնական, նվիրված աշխատանք: Կստեղծվի հավակնոտ թիմ և թիմային ուժերով խնդիրներին կտրվեն պատշաճ լուծումներ: Մեր կարևոր խնդիրը, որպես ապագա մանկավարժներ պատրաստող առաջատար բուհ, այդ կարգավիճակի պահպանումն ու ամրապնդումն է»,-հավելեց նա:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհակալություն հայտնեց բուհի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանին, կատարած հսկայական աշխատանքի համար՝ ընդգծելով վերջինիս կարևոր դերակատարումը բուհի գիտակրթական զարգացման գործում: Ռուբեն Միրզախանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր ընթացիկ տարվա հունիսին:

Նախարարն անդրադարձավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքում տեղ գտած որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ սկիզբ առած գործընթացներին և ընդգծեց, որ դա տևական ժամանակ լուրջ խոչընդոտներ է առաջացրել մի քանի բուհերում ռեկտոր ընտրելու հարցում: 

Նախարարի՝ ուսուցիչը նախևառաջ պետք է լավ մասնագետ լինի հարցադրմանը ՀՊՄՀ պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը նշեց, որ ուսուցիչը պետք է անպայման ունենա մանկավարժահոգեբանական որակներ, առանց որի հնարավոր չէ դասավանդել որևէ մասնագիտություն:

Հանդիպման ընթացքում Հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ, Սփյուռք գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն էլ խոսեց մագիստրատուրայում արևմտահայ դասընթաց ներմուծելու անհրաժեշտության մասին։

«Մանկավարժությունն ամեն ինչ է, այն ստրատեգիական ուղղություն է: Կրթական համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ.ես պատասխանատու եմ, որ բուհերում ստեղծվի պատշաճ աշխատանքային միջավայր, իսկ իրավական ոլորտում առկա հարցերը կեղծ օրակարգ են: Նախարար, թե ռեկտոր, չպետք է խանգարեն աշխատողին, այլ աջակցեն միասնական իրականացնել կրթական զարգացումերի ճանապարհին հանդիպող խնդիրները»,-հավելեց Վահրամ Դումանյանը:

 

 

  • Կիսվել: